
Ըստ տեղեկությունների, օբյեկտին տրվել է «սուվերեն ռազմակայանի» կարգավիճակ, ինչը նշանակում է, որ Սիրիայի կառավարությունը նրա նկատմամբ ոչ մի իրավասություն չի ունենա: Այդ ռազմահենակայանը «կունենա նույն նշանակությունը, ինչ Ռամշտայնը՝ ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների համար»: Նույն օրը Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմավարական նշանակության հենակայան ստեղծելու մասին դիվանագիտական նոտա է հղել Միավորված ազգերի կազմակերպությանը, Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին:
Սիրիայում Բաշար Ասադի վարչակախմբի տապալմանը հաջորդած առաջին ամիսներին Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են սիրիական բանակի գրեթե բոլոր հենակայանները, բայց առանձնակի հետևողական են գտնվել Դամասկոսից հարավ տեղաբաշխված օդանավակայանների և ՀՕՊ համակարգերը ոչնչացնելու հարցում: Նաթանյահուն մի քանի անգամ հայտարարել է, որ Սիրիայի օդային տարածքի փակումը «կնշանակի իսրայելական օդուժին զրկել մանևրի հնարավորությունից»:
Եթե Պալմիրայում թուրքական «սուվերեն ռազմահենակայան» ստեղծելու մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արձանագրել, որ Էրդողանը «գրավել» է Սիրիան: Աղբյուրները հայտնել են, որ ՄԱԿ-ին, ԱՄՆ-ին և ՌԴ-ին հղած նոտայում ասված է, որ ռազմահենակայանի դեմ ցանկացած գործողություն դիտարկվելու է որպես Թուրքիայի «ինքնիշխանության դեմ ոտնձգություն, և ինքնապաշտպանության բոլոր միջոցները ամբողջ ծավալով գործի են դրվելու»:
Այս զգուշացման հասցեատերը, անկասկած, Իսրայելն է, որի ռազմական ուժերի դեմ Սիրիայի օդային տարածքը, ամենայն հավանականությամբ, փակվելու է: Չափազանց կարեւոր է, որ Պալմիրայում «սուվերեն ռազմահենակայան» ստեղծելու մասին տեղեկությունը տարածվել է մի փուլում, երբ շատ բարձր է համարվում Իրանի դեմ օդային հարձակումների վերսկսումը: Պատասխան ի՞նչ քայլ կձեռնակի Իսրայելը: Նաթանյահուն կհաշտվի՞ Սիրիայի օդային տարածքը կորցնելու և իր հյուսիսային սահմաններին թուրքական սպառնալիքի ներկայության հետ: