Փորձագետը հայտարարել է ՀՀ արտաքին քաղաքական հաշվարկների տապալման մասին

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայտարարել է հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների լճացման մասին։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա պարզաբանել է, որ այս երկու ուղղություններով հարաբերությունների կարգավորումները փոխկապակցված են։

«Հայաստանի իշխանությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը փաստացի կապել են բացառապես TRIPP նախագծի իրականացման հետ, մինչդեռ Թուրքիան իր հերթին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ»,- նշել է նա։

Սուրենյանի խոսքով՝ ձևավորվել է երեք փոխկապակցված գործընթացներից բաղկացած շղթա՝ TRIPP նախագծի իրականացում, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, որոնք միմյանցից կախված ամբողջական փաթեթ են դարձել։ Ըստ փորձագետի՝ այս պայմաններում դրանցից որևէ մեկի ձախողումն անմիջապես ազդում է մյուսների վրա։

Միջազգայնագետի խոսքով՝ այս պահին TRIPP-ի ուղղությամբ էական առաջընթաց չի նկատվում, ու եթե այն չիրականացվի, Բաքուն  գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից։

«Անկախ նրանից՝ այն կկոչվի TRIPP, թե «Զանգեզուրի միջանցք», դրա ռազմավարական նպատակը կմնա նույնը, սակայն մոդերատորն այլ կլինի»,- պարզաբանել է Սուրենյանը:

TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը:

Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը:

Leave a Comment