Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան հայ ժողովրդի հետ սգում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը։ Ճեպազրույցն ուղիղ հեռարձակել է Armenia Today-ը Youtube-ի ալիքում:
«Այսօր մենք մեր խորին կարեկցանքն ենք հայտնում հայ ժողովրդին և ինչպես միշտ, նրա հետ սգում ենք այս օրը: Ռուսաստանի դիրքորոշումն օբյեկտիվ է և հետևողական. ազգային պատկանելության հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ», -ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ ՌԴ-ում «հենց սկզբից այս սարսափելի ողբերգությունն ընկալել են որպես սեփական վիշտ»։
Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչման միջոցառումներով հիշատակի տուրք է մատուցում 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 34 պետություն։ 111 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտել Մեծ եղեռնի իրողությունը և պայքարում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ նենգափոխելով պատմությունը։
ՌԴ Պետական դուման 1995 թվականին ընդունել էր «1915–1922 թվականների հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» որոշումը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2025 թվականի ապրիլին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Երևանի քաղաքական առաջնահերթությունը չէ։
Կարդացեք նաև՝
