Radar-Զրույցի այսօրվա հյուրն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ է փոխվել մեր ընկալումներում այս տարիների ընթացքում, թուրքագետը նշել է․
«Կար ժամանակ, երբ Հայոց ցեղասպանությունը ընկալվում էր որպես մեր խեղճության, կորուստների մի համալիր, և չէր խոսվում այն մասին, որ, մի կողմից, Հայոց ցեղասպանությունը մոռացված հանցագործություն չէ, մյուս կողմից՝ ցեղասպանության ընթացքում հայ ժողովուրդը իր հնարավորությունների սահմաններում փորձել է նաև հակազդել այդ սպանություններին։ Հիմա արդեն ես տեսնում և զգում եմ, որ երիտասարդները ցեղասպանությունը ընկալում են որպես մի հանցագործություն, որը իրականացվել է մեր ժողովրդի դեմ»։
Սաֆրաստյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի և դատապարտվի․
«Դա նպաստելու է, որ հետագայում նմանատիպ հանցագործություններ հայ ժողովրդի նկատմամբ չկրկնվեն, այսինքն՝ կանխարգելման տեսանկյունն է շատ կարևոր»։
Անդրադառնալով այսօրվա Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ Սաֆրաստյանը նշել է, որ իր գոյության առաջին օրվանից Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու օգտին՝ առանց նախապայմանների։
«Թուրքիան նախապայմաններ դրել և շարունակում է դնել, և ես կարծում եմ, որ ամենաօպտիմալ ճանապարհը կլինի այն, որ Թուրքիան հասկանա՝ նախապայմաններով հնարավոր չէ առաջ գնալ, և կարծես թե դրա նախանշանները կան»,- նշել է թուրքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում
