ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ապրիլի 25-ին կմեկնեն Իսլամաբադ՝ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է Ինտերֆաքսը։
«Ուիտկոֆը և Ջարեդը վաղը կմեկնեն Պակիստան՝ իրանցիներին լսելու համար։ Մենք հույս ունենք, որ առաջընթաց կլինի։ Մենք հույս ունենք, որ այս հանդիպումը կհանգեցնի դրական զարգացումների», – լրագրողներին ասել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ մեկնում է Պակիստան, Օման և Ռուսաստան՝ տարածաշրջանային հարցեր քննարկելու համար։
Միևնույն ժամանակ, Լևիթը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն կսպասեն Իսլամաբադում կայանալիք խորհրդակցությունների արդյունքներին Վաշինգտոնում։ Եթե արդյունքը դրական լինի փոխնախագահ Վենսը նույնպես կմեկնի Պակիստան։
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն վերջին մի քանի օրերի ընթացքում որոշակի առաջընթաց է նկատել իրանական կողմից»։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացումը:
Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարների երկարաձգման մասին:
