Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Էմմա Պողոսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 86 կգ քաշային կանանց պայքարում երկամարտի 248 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց:

Պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը հաջող կատարեց բոլոր երեք մոտեցումները` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր:

Հրում վարժությունում ևս մեր ծանրորդն անթերի աշխատեց՝ գլխավերևում վստահորեն ֆիքսելով 132 կգ, 134 կգ, 141 կգ: Վերջին մոտեցմամբ Պողոսյանը երիտասարդների նոր ռեկորդ սահմանեց հրում վարժությունում՝ ապահովելով վարժության ոսկե մեդալը:

Երկամարտի 248 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում միայն մեկ հաջող մոտեցում ունեցավ ու 101 կգ արդյունքով 9-րդ հորիզոնականը զբաղեցրեց:

Հրում վարժությունը Գյուրջյանը հաջող սկսեց՝ բարձրացնելով 130 ու 135 կգ: Վերջին մոտեցման համար պատվիրված 141 կգ նա հրել չկարողացավ։ Այս վարժությունում Գյուրջյանը զիջեց միայն Էմմա Պողոսյանին ու նվաճեց հրում վարժության արծաթե մեդալը։  Երկամարտի 236 կգ արդյունքով Լիանա Գյուրջյանը 5-րդ հորիզոնականը զբաղեցրեց:

Ընթացիկ առաջնությունում սա մեր առաջին ոսկե մեդալն էր, ավելի վաղ մեր ծանրորդները 4 արծաթե և 1 բրոնզե մեդալ էին նվաճել։

Մեր ծանրորդների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment