Քաղավիացիայի կոմիտեին ավելի քան 300 մլն դրամ կհատկացվի՝ թերությունները շտկելու

ՀՀ կառավարությունը որոշել է վերակազմավորել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ կառույցի աշխատանքի որակը բարձրացնելու, 2024-2025 թվականներին միջազգային կազմակերպությունների արձանագրած թերությունները շտկելու և Հայաստանի ավիացիոն ոլորտը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով։

Այս նպատակով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ԻԿԱՕ) բարձրակարգ մասնագետների ներգրավման համար գործադիրը հատկացրել է 321 մլն դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ 2024-ին ԻԿԱՕ-ի աուդիտի արդյունքը կազմել էր ընդամենը 52,18%, իսկ 2025-ին Եվրոպական միության փորձագետները արձանագրել էին 58 թերություն։

Կառավարության հատկացրած 321 մլն դրամ գումարով ԻԿԱՕ-ի փորձագետները կօգնեն ներդնել կառավարման նոր համակարգեր և զարգացնել տեղի մասնագետների հմտությունները։

«Կարգավիճակի փոփոխությունը նաև թույլ կտա կոմիտեին ինքնուրույն տնօրինել իր եկամուտները և բարձր աշխատավարձով աշխատանքի հրավիրել որակյալ ավիացիոն մասնագետների, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների», – ասված է նախագծի հիմնավորման մեջ։

2020-ին Եվրոպական միությունը հայկական բոլոր ավիաընկերությունները ներառել էր «սև ցուցակում»՝ թռիչքների անվտանգության վերահսկողության հետ կապված խնդիրների պատճառով։ Դրա արդյունքում հայկական ավիափոխադրողները կորցրել էին ԵՄ տարածքում թռիչքներ իրականացնելու իրավունքը։ Մինչ օրս ավիաընկերությունները դեռևս «սև ցուցակում» են։

2025-ին ՀՀ-ն խնդրել էր ԵՄ-ին հանել իրեն «սև ցուցակից»։

Leave a Comment