ԶԼՄ-ն պարզել է՝ ով կարող է գլխավորել Ռուսաստանի հայերի միությունը – armeniatoday.am

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները մերժել են Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում Վիկտոր Սողոմոնյանի թեկնածությունը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Սողոմոնյանը 2008-2023 թվականներին գլխավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը և հանդիսանում է նրա մերձավոր դաշնակիցը։

Ըստ հրապարակման՝ պաշտոնական Մոսկվան իր որոշումը հիմնավորել է նրանով, որ կառույցի հաջորդ ղեկավարը պետք է լինի ապաքաղաքական անձ, որպեսզի կարողանա արդյունավետ աշխատել բոլոր թիմերի և խմբավորումների հետ։

Թերթի տեղեկություններով՝ այս հարցում ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

Ըստ պարբերականի՝ սրբազանն ունի սեփական թեկնածուն և մտադիր է նրան առաջադրել ՌՀՄ ներկայիս ղեկավար Արա Աբրահամյանի փոխարեն։

Սպասվում է, որ Եզրաս սրբազանն իր նախընտրած թեկնածուին կներկայացնի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։

Աբրահամյանը ՌՀՄ-ն ղեկավարում է 2000 թվականից։

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ 2025 թվականի հուլիսին Աբրահամյանի «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը պատկանող՝ Հյուսիսային պողոտայում գտնվող հողամասը բռնագրավվել և վերադարձվել է Երևանին։

Leave a Comment