Թրամփը հայտարարել է, որ չի շտապեցնի Իրանին համաձայնության գալ հրադադարի կամ բանակցությունների շուրջ

Վաշինգտոնը չի շտապեցնի Թեհրանին հրադադարի երկարաձգման կամ բանակցությունների շուրջ համաձայնության հասնելու հարցում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Նա «երեքից հինգ օրվա պատուհանի» մասին տեղեկությունները որակել է «կեղծ»։

«Մարդիկ ասում են, որ ես ուզում եմ վերջ դնել այս հակամարտությանը միջանկյալ ընտրությունների պատճառով. դա ճիշտ չէ», – հավելել է Թրամփը՝ բացատրելով, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է «լավ գործարք կնքել ամերիկյան ժողովրդի համար»։

Թրամփը նշել է, որ իրանական նավահանգիստների ԱՄՆ ռազմածովային շրջափակումը «ավելի շատ է վախեցնում» իրանցիներին, քան ռմբակոծությունները։

«Նրանց տարիներ շարունակ ռմբակոծել են, բայց նրանք ատում են շրջափակումը», – նշել է Թրամփը։

Հարցազրույցում նա նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին անվանել է խելացի մարդ և նշել, որ ակնկալում է, որ «նա դեռ այդպիսին կմնա, երբ բանակցությունները վերսկսվեն»։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարի ժամանակացույցը խիստ չէ և, ի վերջո, այն կսահմանի Թրամփը։

Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը ժամանակավոր հրադադար էին կնքել, սակայն խաղաղ բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։ Հրադադարի ժամկետը լրացել էր ապրիլի 21-ին, և Թրամփն այն երկարաձգել էր նույն օրը։

Leave a Comment