Իշխանությունները ծրագրում են իրավական գործընթացներ սկսել արտերկրում գտնվող ՀԱԵ թեմերի գույքի նկատմամբ. ԶԼՄ

ՀՀ իշխանությունները նախատեսում են իրավական գործընթացներ նախաձեռնել Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ)՝ արտերկրում գտնվող ֆինանսական միջոցների և գույքի նկատմամբ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով կառավարական իր աղբյուրներին:

Ըստ հրապարակման՝ թիրախում են հայտնվելու սփյուռքի թեմերին պատկանող շուրջ 600 անշարժ գույքի օբյեկտներ, եկեղեցական իրերի արտադրություններ, բարեգործական հիմնադրամներ և բանկային հաշիվներ։

Թերթի տեղեկություններով՝ ներկայումս ընթանում է տեղեկատվության հավաքագրման փուլը՝ տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ փորձ է արվում ապացույցներ ձեռք բերել այդ գույքի և ընկերությունների ծագման ենթադրյալ անօրինականության վերաբերյալ։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների միջոցով քրեական վարույթներ հարուցել և քաղաքացիական հայցեր ներկայացնել դատարաններ։

Պարբերականը նշել է՝ այս գործընթացը կարող է հանգեցնել եկեղեցական թեմերի աշխատանքի խաթարմանը և զգալի ֆինանսական ծախսերի՝ կապված փաստաբանական ծառայությունների հետ։

Աշխատանքների հետախուզական փուլը համակարգում է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։ Թերթի պնդմամբ՝ գործընթացում ներգրավված են ծառայության ղեկավարի տեղակալ Արման Բոշյանը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչներ Մութալու Տոկայը և Զաուր Իսմայիլովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր ՀԱԵ բարենորոգման համակարգող խորհրդի ստեղծման մասին, որին միացել էին 10 բարձրաստիճան հոգևորականներ (եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ): Նրանք ավելի վաղ պահանջել էին  կաթողիկոս Գարեգին Բ-ից «հանգստի կոչվել»։

Ապրիլի 21-ին Փաշինյանը հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցուն հարկային դաշտ բերելու իշխանությունների մտադրության մասին։

Leave a Comment