Հայկական «դեկորատիվ ռադիկալիզմը» ռուս-թուրքական «տանգոյում», կամ քաղաքական շիզոֆրենիայի գերիները

Հայկական «դեկորատիվ ռադիկալիզմը» ռուս-թուրքական «տանգոյում», կամ քաղաքական շիզոֆրենիայի գերիները

Մոսկվայում բաժակ են բարձրացնում Անկարայի հետ «մոդելային» հարաբերությունների համար։ 2026թ. մարտին՝ Մոսկվայի պայմանագրի (1921թ.) տարեդարձի կապակցությամբ, ՌԴ ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կապերը միջպետական հարաբերությունների «մոդել» են: Ուշադրություն դարձնենք՝ խոսքն այն նույն Մոսկվայի պայմանագրի մասին է, որով Ռուսաստանը սկուտեղի վրա Թուրքիային նվիրեց Արևելյան Հայաստանի մի մասը։

Այդ «կենացների ֆոնին» Երևանի ընդդիմադիր ամբիոններից հնչում են ներկայիս սահմաններով չբավարարվելու, ասել է թե՝ հարևան երկրների նկատմամբ պահանջատիրական կոչեր, որոնք, ի դեպ, Արարատ լեռան կերպարով դարձվել են ընտրական լեյտմոտիվ։ Նման ուղերձներով հանդես են գալիս այն ուժերը, որոնք, հենց Կրեմլի խոստովանությամբ, վայելում են Մոսկվայի աջակցությունը։ Այսինքն, մի կողմից Մոսկվան «մոդելային» է համարում Թուրքիայի հետ իր հարաբերությունները, իսկ մյուս կողմից՝ հովանավորում է Թուրքիային և նրա ռազմավարական դաշնակից Ադրբեջանին անուղղակի տարածքային պահանջներ ներկայացնող ուժերին։ Վերջիններս, ամենապարզ տրամաբանությամբ, Մոսկվայում պետք է ընկալվեին որպես ռուս-թուրքական ներկայիս ստատուս քվոյի սպառնալիք։ Սա ի՞նչ է՝ քաղաքական շիզոֆրե՞նիա․․․

Իրականում գործ ունենք պարզ քաղաքական խարդախության հետ, որը կարելի է կոչել «դեկորատիվ ռադիկալիզմ»։ Սա մի բեմադրություն է, որտեղ դերասանները գիտեն, որ իրենց սուրը փայտից է, բայց հանդիսատեսին ուզում են հավատացնել, թե այն պողպատից է։

Ռուսաստանի համար հայկական պահանջատիրությունը երբեք ազգային նպատակ չի եղել․ այն ընդամենը «կարգավորիչ պտուտակ» է։ Մի կողմից՝ այն շանտաժի գործիք է․ երբ Անկարան սկսում է չափից դուրս ինքնուրույն խաղալ, Մոսկվան «միացնում է» հայկական պահանջատիրության «ձայնագրությունը»։ Դա չի վախեցնում Թուրքիային, պարզապես հիշեցնում է, որ իր քթի տակ կա մի չլուծված հարց, որը կարող է ցանկացած պահի պայթել՝ մոտավորապես այնպես, ինչպես կարծում էին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Մյուս կողմից, որքան շատ է Հայաստանը խոսում տարածքային պահանջներից, այնքան ավելի է մեկուսանում տարածաշրջանում և կառչում Ռուսաստանից։ Նման պահանջատիրությունը դառնում է մի բեռ, որը Հայաստանն ինքնուրույն տանել չի կարող, և որը նրան հնազանդ պահում է Ռուսաստանի հովանու տակ։

Այստեղ հարց է առաջանում․ արդյո՞ք անկեղծ են հայկական այն ուժերը, որոնք խոսում են «ներկայիս սահմաններով չբավարարվելու» մասին։ Զգացմունքային մակարդակում՝ գուցե այո։ Սակայն եթե նրանք ունեն անգամ նվազագույն քաղաքական գիտակցություն, հասկանում են, որ Հայաստանը միայնակ չի կարող սպառնալ Թուրքիային։ Քանի որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ռազմավարական համագործակցության պայմանագրեր ունի թե՛ Թուրքիայի, թե՛ հենց նույն Ռուսաստանի հետ, այդ ուժերը լավ գիտակցում են, որ նման պահանջներ Հայաստանը չի կարող ներկայացնել նույնիսկ Ադրբեջանին։ Հետևաբար, կամ նրանք փորձում են սեփական հանրությանը քնեցնել «հայրենասիրության մորֆիով», կամ նրանց պլանը սեփական անվտանգությունը Ռուսաստանին «աութսորսինգ» անելն է, կամ էլ՝ երկուսը միասին։ Սա հիշեցնում է «Մաուգլի» մուլտֆիլմի շակալին, որն աղմկում էր Շերխանի թիկունքից։

Նրանք ժողովրդին վաճառում են մի երազանք, որի իրականացումն իրենց ուժերից վեր է, իսկ բանալին հանձնել են Կրեմլին։ Սա սին քաղաքական մեսիականություն է, երբ հաղթանակին պետք է միշտ սպասել «վաղը», իսկ քանի դեռ այդ «վաղը» չի եկել, հայրենասիրական աղմկարարի դեր կատարելով՝ պարզապես արդարացնել Ռուսաստանի «ֆորպոստ» մնալու գաղափարը։

Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ հայկական պահանջատիրական ազգայնականությունը ծառայում է ոչ թե հայկական պետությանը, այլ ռուսական կայսերապաշտությանը։ Ռուսաստանը պաշտպանում է այդ ուժերին, որովհետև սեփական հնարավորություններից վեր պահանջատիրություն խաղալով՝ վերջիններս Հայաստանը պահում են «հավերժական սպասման», «հավերժական վախի» և «ռուսական պատվավոր պատանդի» կարգավիճակում։

Պատանդ, որը գիտի, որ հանուն իր երազանքի պատանդառուն երբեք Թուրքիայի հետ չի պատերազմելու, իսկ սեփական շահի համար պատերազմելը երբեք հայկական հարցի լուծմանը չի հանգեցրել ու չի հանգեցնելու։ Որովհետև պատերազմից հետո, որպես կանոն, գալիս է պայմանավորվելու փուլը, իսկ այդ պայմանավորվածությունների գինը միշտ վճարում է պատանդը։

Քանի դեռ Հայաստանի քաղաքական և մտավորական վերնախավը կմնա անհնարինի մասին երազողի դերում, նա երբեք չի սկսի կառուցել մի պետություն, որը կարող է ինքնուրույն խոսել թե՛ Մոսկվայի, թե՛ Անկարայի հետ։ Սա ոչ թե պայքար է հանուն պետականության և պատմական արդարության, այլ պայքար՝ հանուն ազգային գույներով ներկված շղթաների։ Ահա թե ինչու Կրեմլում, ի դեմս հայաստանյան այս ուժերի, չեն տեսնում Թուրքիայի հետ իրենց «մոդելային» հարաբերություններին սպառնացող վտանգ։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment