Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ «Վեոլիա ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից այսօր վաղ առավոտից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։
«Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել։
Կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով»,- հայտնում է ընկերությունը։
Հիշեցնենք` Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին հայտնել էին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։
Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկլինիկայի տնօրենը հորդորել էին չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո: