Թեհրանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու պայմանը – armeniatoday.am

Իրանը պատրաստ է վերադառնալ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների դիվանագիտական կարգավորման գործընթացին միայն այն դեպքում, երբ տեսնի դրա գործնական արդյունավետությունը, Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Բաղային պարզաբանել է, որ դիվանագիտությունը պետք է ծառայի ազգային շահերի ու անվտանգության ապահովմանը։ Նրա խոսքով՝ Թեհրանը կսկսի գործել այն ժամանակ, երբ համոզվի, որ ձևավորվել են անհրաժեշտ և տրամաբանական հիմքեր այդ գործիքակազմն օգտագործելու համար։ Միևնույն ժամանակ, ԱԳՆ ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ երկրի զինված ուժերը գտնվում են լիակատար մարտական պատրաստության վիճակում և պատրաստ են արձագանքել ցանկացած զինված հակամարտության վերսկսմանը։

Իրանցի դիվանագետը նաև քննադատել է ամերիկյան կողմին բանակցությունների ընթացքում անհետևողականության և դիրքորոշումների հաճախակի փոփոխության համար։ Նա ընդգծել է, որ Թեհրանը հավատարիմ է մնում իր ստանձնած պարտավորություններին, մինչդեռ դրանց խախտումը որակել է որպես Վաշինգտոնի համար սովորական դարձած գործելաոճ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակառակ պնդումն էր արել՝ հայտարարելով, թե հենց իրանական կողմն է դժվարանում հստակ ձևակերպել իր բանակցային դիրքորոշումը։

Միացյալ Նահանգների և Իրանի միջև մարտական գործողությունները դադարել էին ապրիլի 8-ին, երբ կնքվել էր երկշաբաթյա հրադադար: Իսրայելը նույնպես դադարեցրել էր հարվածները։ Կողմերի միջև ձեռք բերված հրադադարի ժամկետը լրանում է այսօր՝ ապրիլի 22-ին:

Leave a Comment