Եվրահանձնաժողովը մտադիր է մինչև 2035 թվականը առնվազն 131 միլիարդ եվրո ներդնել պաշտպանական և տիեզերական ծրագրերում՝ նպատակ ունենալով կտրուկ մեծացնել զենքի արտադրությունը և կրճատել Ռուսաստանից ունեցած հետամնացությունը։
Եվրոպական միության պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի փոխանցմամբ՝ ներկայումս Ռուսաստանը զգալիորեն առաջ է անցել ԵՄ-ից հրթիռների ու ռազմական տեխնիկայի արտադրության ծավալներով, իսկ հրետանային զինամթերքի թողարկման հարցում գերազանցում է եվրոպական ցուցանիշները կրկնակի անգամ։
Կուբիլյուսը շեշտել է, որ Ռուսաստանի զսպման համար Եվրոպան պարտավոր է ոչ միայն արտադրել ավելի շատ սպառազինություն, այլև նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից՝ հատկապես առանցքային ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։
Այս ռազմավարական ծրագիրը միտված է Եվրամիության ռազմարդյունաբերական համալիրի հզորացմանը և ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ինչը, ըստ եվրոպացի պաշտոնյաների, անհրաժեշտ պայման է տարածաշրջանային նոր մարտահրավերներին դիմակայելու համար։
