Հայաստանը Ֆրանսիայի «եվրոպական հովանոցի տակ տեղ կունենա՞»




1in.am  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստան այցի ընթացքում հաստատել է տեղեկությունը, որ կողմերը համատեղ զորավարժություններ անցկացնելու շուրջ բանակցություններ են վարում: Ըստ արևմտյան մամուլի, «այդ զորավարժությունների առանցքային առանձնահատկությունն այն է, որ դրանք ներառնում են նաև միջուկային զսպման տարրերի ինտեգրացիա»: Ըստ նույն աղբյուրների, Ֆրանսիայից և Լեհաստանից զատ պաշտպանական համագործակցության նոր մոդիլին «ներգրավված են նաև Գերմանիան, Հունաստանը, Բելգիան, Դանիան և Շվեդիան»:


 


Փորձագետները այս նախաձեռնությունը դիտարկում են Եվրամիության «միջուկային հովանոց» նախագծի շրջանակներում «եվրոպական ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ վճռական քայլ»: Ընդ որում, Ֆրանսիան պահպանում է «պահպանում է միջուկային զինանոցի կիրառման վերջնական որոշում ընդունելու բացառիկ իրավունքը», թեև «զսպան ուժերը կունենան համաեվրոպական նշանակություն»:


 


Ամերիկյան Politico-ի գնահատմամբ, «նման քննարկումների ակտիվացումը վկայում է Եվրոպայի պաշտպանական ճարտարապետության արմատական փոփոխությունը»: Ֆրանսիան փաստացի ԵՄ գործընկեր երկրներին առաջարկում է «ավելի խոր օպերատիվ ինտեգրացիա, բայց այնպես, որ սպառազինությունների կառավարման փոխակերպում տեղի չունենա»: Դա միջուկային զինանոց չունեցող երկրներին թույլ կտա «ճգնաժամային արձագանքման սցենարի դեպքում ավելի արդյունավետ կոորդինացնել ֆրանսիական ուժերի հետ իրենց քայլերը»:


 


Անթալիայի դիվանագիտական համաժողովի փակման ամփոփիչ ելույթում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը Իսրայելին մեղադրել է Հունաստանի և Կիպրոսի հետ «հակամուսուլմանական ռազմական դաշինք ձևավորելու» մեջ: Ինչպես պարզվում է, Հունաստանը ներգրավված է Ֆրանսիայի նախաձեռնած՝ եվրոպական անվտանգության նոր նախագծում: Մայիսի հինգին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով ժամանում է Հայաստան, ենթադրվում է, որ կողմերը ռազմավարական համագործակցության համաձայնագիր կստորագրեն:


 


Մոտ երկու շաբաթ առաջ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման թեման: Ֆրանսիայի նախագահը գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Մակրոնը և Էրդողանը անդրադարձե՞լ են Ֆրանսիա-Հայաստան համագործակցությանը, հայտնի չէ: Ուշագրավ է, որ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի երևանյան գագաթաժողովին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաև Լեհաստանի վարչապետ Տուսկը: Ավելի վաղ անվտանգության ասպարեզում համագործակցության հարցեր պաշտպանության նախարարների մակարդակով քննարկել են նաև Հայաստանը և Հունաստանը: Ֆրանսիայի «եվրոպական հովանոցի տակ Հայաստանը տեղ կունենա՞»:


 


 


Leave a Comment