Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թունավորման դեպքեր են գրանցվել Սամվել Վարդանյան փողոցում գտնվող շենքերում ապրող մի քանի բնակիչների մոտ, ովքեր նման ախտանիշներով դիմել են Բյուրեղավան քաղաքում գործող Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկա։
Մի մասը նույնիսկ դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն և բոլորը նշել են, որ իրենք հավանաբար թունավորվել են ջրից։
Բժիշկներին դիմած բոլոր տուժածները հայտնել են, որ իրենք ոչ գազից, ոչ էլ սննդից են թունավորվել, քանի որ բնակարաններում գազի արտահոսք տեղի չի ունեցել և կասկածելի սնունդ չեն օգտագործել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում իրավիճակը վերահսկելու և թունավորված քաղաքացիների ինքնությունը պարզելու համար՝ Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի հանձնարարականով Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցները շրջայցեր են կատարում թունավորվածների բնակարաններ՝ ճշտելու մանրամասները։
Այսօր՝ ապրիլի 22-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում Բյուրեղավանի Անդրանիկ Պետրոսյանի անվան պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն ասաց․
«Երեկվանից մեր պոլիկլինիկայի աշխատակիցները մոտ 30 կանչով եղել են Բյուրեղավանի տարբեր հասցեներում. մի մասին տեղում են օգնություն ցուցաբերել, մի մասին էլ տեղափոխել ենք պոլիկլինիկա։ Իսկ 2 հոգու այսօր շտապօգնության մեքենաներով տեղափոխել ենք «Աբովյան» բժշկական կենտրոն։ Այս պահին մեկ երեխայի էլ ենք ուզում տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, սակայն ծնողները խնդրեցին իրենք իրենց մեքենայով տանեն»։
Իսկ քաղաքապետ Հ. Բալասյանը ասում էր, որ նախնական վարկածով թունավորման դեպքը ջրի հետ է կապված, ինչի համար արդեն տեղեկություններ են փոխանցել և՛ «Վեոլիա ջուր», և՛ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությանը, իսկ մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարականով Բյուրեղավան են ժամանել նաև մարզպետարանի առողջապահության բաժնի աշխատակիցները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: