Amnesty International-ը քննադատել է Հայաստանի ոստիկանությանը – armeniatoday.am

Հայաստանում ոստիկանության բարեփոխումները չեն նվազեցրել ուժի չարաշահման վերաբերյալ մտահոգությունները, նշվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2026 թվականի ապրիլին հրապարակված զեկույցում։

Կազմակերպության գնահատմամբ՝ օրենսդրական բարեփոխումները չեն նպաստել երկրում ցույցերի ընթացքում ուժի «կիրառման չարաշահումը» նվազեցնելուն։ Amnesty International-ը նշել է նաև ոստիկանության հաշվետվողականության բացակայության մասին։

Զեկույցում ընդգծել են, որ գնահատականը վերաբերում է հատկապես 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին հակակառավարական բողոքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումներին («Սրբազան շարժման» ակցիաներ-խմբ․)։

Իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է, որ չնայած ոստիկանության կողմից ուժի ապօրինի կիրառման վերաբերյալ բազմաթիվ ապացույցներին՝ հետագայում քրեական վարույթներ հարուցվել են միայն ցուցարարների նկատմամբ, և ոչ մի ոստիկան չի ենթարկվել պատասխանատվության։

Զեկույցում նշվում է նաև, որ թեև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը բարելավել է Հայաստանի դիրքը մամուլի ազատության տարեկան վարկանիշում, երկրում լրագրողների անվտանգության խնդիրները շարունակում են մտահոգիչ մնալ։ Միաժամանակ զեկույցում արձանագրվել է ապատեղեկատվության և ատելության խոսքի աճ։

Ըստ Amnesty International-ի՝ պաշտոնյաները շարունակում են դատական գործեր հարուցել լրագրողների և իրավապաշտպանների դեմ, այդ թվում՝ այնպիսի հայցեր, որոնք զսպող ազդեցություն ունեն։

Կարդացեք նաև՝

Հայաստանը միջազգային վարկանիշներում․ 2025 թվականի արդյունքները

Leave a Comment