Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ուղերձին, որով վերջինս կոչ էր անում օմբուդսմենին այցելել Բաքու՝ տեսակցելու հայ գերիներին:
Մանասյանը, ըստ էության, մերժել է այդ կոչը՝ պարզաբանելով, որ Պաշտպանի գրասենյակի կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, և ՄԻՊ-ի լիազորությունները տարածվում են բացառապես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերի վրա:
«Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության և «մի’ վնասիր» սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ և պահպանվելու է ապագայում՝ բոլոր գործընթացների շրջանակներում», – նշել է ՀՀ ՄԻ պաշտպանը։
Վարդանյանը Մանասյանին կոչ էր արել ակտիվացնել ջանքերը հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ուղերձում նշել էր, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային, որի հետ քննարկել է հայ բանտարկյալների պահման պայմանները: Ալիևան Վարդանյանին ասել էր, որ Մանասյանի հետ արդեն քննարկել է նրա Բաքու այցելելու հնարավորությունը, և որ «ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը»:
Մանասյանը տարակուսանք է հայտնել այս տեղեկատվության կապակցությամբ՝ նշելով, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։
Ըստ նրա՝ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմենի գործառույթը և որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր այն դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից, եզրափակել է Պաշտպանը:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ գերի։ 2025-ի սեպտեմբերից՝ ադրբեջանական իշխանությունների որոշմամբ երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փակումից հետո, որևէ միջազգային կառույց չի այցելել հայ գերիներին:
2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկել էին Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ «դատական գործընթացները»։
Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Վարդանյանը հրաժարվել էր պաշտպանական դիրքորոշում ներկայացնել դատարանում՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը համարում է դատական ֆարս: Արցախցի գործչի ընտանիքը դատարանի որոշումից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պայքարը Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատման համար:
Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։
