ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն այսօր արձագանքել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նամակին։
«Ուղերձի շրջանակներում ներկայացված են մի շարք դիտարկումներ ՄԻՊ հաստատության մանդատի և լիազորությունների վերաբերյալ, որոնց հարկ ենք համարում անդրադառնալ ստորև։
Նախ, կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ և Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովի կողմից հավատարմագրված է կառույցի անկախությունը հաստատող A կարգավիճակով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանարապետության օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացների վրա՝ անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից»։
Հիշեցնենք, որ երեկ Ռուբեն Վարդանյանը դիմել էր ՀՀ ՄԻՊ-ին՝ ասելով, որ իր կինը պատրաստ է մեկնել Բաքու։