Սամվել Կարապետյանն անձամբ է հաստատել «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը. ԶԼՄ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը կազմել է քաղաքական ուժի նախընտրական վերջնական ցուցակը, որը հրապարակվել է երեկ՝ ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած համագումարի ժամանակ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ պարբերականի՝ տնային կալանքի տակ գտնվող գործարարը, ում դատարանը թույլատրել է հանդիպումներ ունենալ, օրերս զրուցել է ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ։

Այդ հանդիպումը յուրօրինակ ստուգարք էր 36 թեկնածուների համար, որից հետո Կարապետյանը որոշակի խմբագրումներ և տեղերի փոփոխություններ է կատարել ցուցակում, հավելել է թերթը։

Նախկինում հրապարակված 36 թեկնածուները միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էին։ Նախօրեից ցուցակը համալրվել է նաև դաշինքի մաս կազմող մյուս քաղաքական ուժերի անդամներով։

Հակակոռուպցիոն դատարանն ապրիլի 17-ին որոշ մեղմացումներով 3 ամսով երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը։

Leave a Comment