ԵՄ-ն պատրաստ է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ. Կալլաս

Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ անկախ լրատվամիջոցների և ընդդիմության հանդեպ իրականացվող գործողությունների պատճառով:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի փոխանցմամբ՝ միության անդամ պետություններից մեկը խոչընդոտում է պատժամիջոցների սահմանման որոշմանը։ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Կալլասը նշել է, որ պատժամիջոցների հարցում առկա է ընդհանուր տրամադրվածություն. 26 պետություն կողմ է արտահայտվել, և միայն մեկն է դեմ եղել։

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ անհրաժեշտ է ակտիվացնել փոխգործակցությունը վրաց ժողովրդի հետ՝ ցույց տալու համար Եվրոպայի բարյացակամ վերաբերմունքը։ Միևնույն ժամանակ, Կալլասն ընդգծել է Վրաստանի կառավարությանը հստակ ազդակներ հաղորդելու կարևորությունը, որ նրանց որդեգրած ուղղությունը հակասում է եվրոպական արժեքներին։

Եվրոդիվանագիտության ղեկավարը հավելել է նաև, որ Վրաստանը ժողովրդավարական սկզբունքներին վերադառնալու նշաններ չի դրսևորում, և այդ ընթացքը պետք է փոխվի։ Նրա համոզմամբ՝ վրացական իշխանությունների՝ համագործակցության պատրաստակամության ապացույց կարող էր լինել իրական մասնակցությունը մարդու իրավունքների շուրջ երկխոսությանը։

Leave a Comment