ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ հրամայել է երկարաձգել Իրանի հետ հրադադարը։
Ըստ Թրամփի՝ Պակիստանի իշխանությունները, որոնք միջնորդում են Վաշինգտոնի և Թեհրանի միջև, խնդրել են Միացյալ Նահանգներին դադարեցնել Իրանի վրա հարվածները մինչև երկրի ղեկավարների և ներկայացուցիչների միասնական առաջարկի հասնելը։
«Հետևաբար, ես հրամայել եմ մեր զինված ուժերին պահպանել շրջափակումը և մնալ պատրաստ, ինչպես նաև երկարաձգել հրադադարը մինչև իրենց առաջարկի ներկայացումը և բանակցությունների ավարտը՝ այս կամ այն կերպ», – գրել է նա։
Իրանը հրաժարվել էր մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի համար։
ԱՄՆ պատվիրակությունը հետաձգել էր այցը Պակիստան՝ Իրանի կողմից բանակցությունների ձգձգումների պատճառով։
ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտական գործողությունները դադարեցվել էին ապրիլի 8-ին, երբ կնքվել էր երկշաբաթյա հրադադար: Իսրայելը նույնպես դադարեցրել էր հարվածները։ Կողմերի միջև ձեռք բերված հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին:
