«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընտրություններին նախատեսում է մասնակցել նույնանուն դաշինքով

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին նախատեսում է մասնակցել նույնանուն դաշինքի ձևաչափով, թեև միավորման վերջնական անվանումը դեռևս հաստատված չէ, հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը, հայտնում է Armenia Today-ը։

Նա հիշեցրել է, որ կողմերն ավելի վաղ ազդարարել էին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին։ Սակայն ապրիլի 7-ին Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխություններից հետո, որոնք արգելում են անձնանունների կիրառումը քաղաքական ուժերի անվանումներում, կուսակցությունը պարզաբանում ստանալու նպատակով դիմել է ԿԸՀ։

Մելոյանի խոսքով՝ գրանցման դիմումն արդեն ներկայացված է, սակայն դաշինքի անվան մեջ անձնանուն ներառելու հարցը դեռևս բաց է և կախված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական դիրքորոշումից։

Այսօր ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» և «Ապրելու երկիր» կուսակցություններն ընտրություններին դաշինքով միասնական մասնակցելու հուշագիր էին ստորագրել։

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» մարտի 31-ին նախընտրական դաշինքի ստեղծման հուշագիր էր ստորագրել «Նոր դարաշրջան» և «Միավորված հայեր» կուսակցությունների հետ։ Կարապետյանի ուժին սատարելու մասին հայտարարել էին Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը, ինչպես նաև «Կայունություն», «Ազատություն» և «Ժառանգություն» կուսակցությունները:

Leave a Comment