Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ ապրիլի 21-ին կայացած հանդիպմանը քննարկել է կազմակերպության հետ գործընկերության հարցերն ու դրա զարգացման հեռանկարները, հայտնել են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Փաշինյանը հայտարարել է դաշինքի հետ համագործակցության կարևորության մասին՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման համատեքստում։ Նա ՆԱՏՕ-ի ներկայացուցչին տեղեկացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին և ընդգծել միջազգային գործընկերների հետ հետևողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և երկրի դիմակայունության բարձրացման համար:։

Իր հերթին, Համիլթոնը հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Հայաստանի համար փոխշահավետ ուղղություններով։

Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության, առկա մարտահրավերների և խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ։

ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ հանդիպել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա վստահություն է հայտնել, որ Համիլթոնի պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթևակոխեն։ 

Նախօրեին՝ ապրիլի 20-ին Համիլթոնին հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադարձ է կատարվել գործակցության ներկայիս ընթացքին, արձանագրված արդյունքներին և զարգացման հնարավոր հեռանկարներին։

Leave a Comment