21 ապրիլի 2026 – 17:27 AMT
PanARMENIAN.Net – ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը Ստրասբուրգում անցկացվող նիստում ունեցած ելույթում ասել է, որ ՀՀ-ում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել:
Նա հավելել է, որ միջավայրը չէր խրախուսում կանանց ներգրավվածությունը:
«Քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը և ատելության խոսքը պարզապես անձնական հարձակումներ չեն: Դրանք հարձակումներ են ներկայացուցչական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության և այն գաղափարների ազատ փոխանակման դեմ, որոնց վրա հիմնված է ժողովրդավարական կյանքը: Երբ ընտրված ներկայացուցիչներին սպառնալիքներով լռեցնում են, ձայնը կորցնում է ոչ միայն քաղաքական գործիչը, այլ նաև քաղաքացիները:
Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեմոնիզացված է եղել և հազվադեպ է դիտարկվել որպես տարածք երիտասարդ կանանց համար: Միջավայրը չէր խրախուսում նրանց ներգրավվածությունը և չէր փոխանցում այն ուղերձը, որ հանրային կյանքը բաց է նոր սերնդի կանանց ձայների համար:
Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն՝ իրենց հետ բերելով այն նոր շունչն ու էներգիան, որոնց կարիքն ունեն ժողովրդավարական ինստիտուտները: Սակայն այդ առաջընթացը հանդիպեց դիմադրության: Ես անձամբ բախվել եմ զգալի ատելության խոսքի թե՛ իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով: Այդ ամենը նպատակ ուներ ոչ միայն թիրախավորել մեկ անձի, այլ նաև փոխանցել ավելի լայն ուղերձ՝ քաղաքականությունը երիտասարդ կանանց տեղը չէ:
Արդեն ութ տարի է՝ ծառայում եմ որպես պատգամավոր և հասկացել եմ, որ նման թշնամական վերաբերմունքին դիմակայելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը դրա մասին բաց խոսելն է: Լռությունը պաշտպանում է խնդիրը, իսկ անկեղծությունը սկսում է քանդել այն: Այս փորձառությունների մասին հրապարակայնորեն խոսելով՝ մենք ճանապարհ ենք հարթել նոր կին պատգամավորների համար, որոնք, առնվազն իմ գնահատմամբ, ավելի քիչ են թիրախավորվել երիտասարդ կամ կին լինելու պատճառով:
Մենք պետք է նաև գիտակցենք նման վարքագծի հետևում կանգնած ռազմավարությունը, այն է՝ քաղաքականությունը ներկայացնել որպես թշնամական, սպառող և երիտասարդ սերունդների համար ոչ ցանկալի միջավայր»,- ասել է պատգամավորը։
ՀՀ ԱԺ պատվիրակությունը, ԱԺ փոխնախագահ և ԵԽԽՎ-ում պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, մասնակցել է Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին, ինչպես տեղեկացրել են Ազգային ժողովից։