Reuters-ը գրում է, որ Ռուսաստանն ապրիլին ստիպված է եղել կրճատել նավթի արդյունահանումը օրական շուրջ 300․000-400․000 բարելով։ Սա COVID-19 համավարակից ի վեր արձանագրված ամենակտրուկ ամսական անկումն է։
Արդյունահանման նվազման հիմնական պատճառներն ուկրաինական անօդաչու սարքերի շարունակական հարվածներն են ռուսական խոշոր նավահանգիստներին ու նավթավերամշակման գործարաններին, ինչպես նաև դեպի Եվրոպա գնացող վերջին՝ «Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների դադարեցումը։
Ուկրաինական ԱԹՍ-ները պարբերաբար թիրախավորում են Բալթյան և Սև ծովերի արտահանման գլխավոր հանգույցները (Ուստ-Լուգա, Պրիմորսկ, Նովորոսիյսկ), ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում վառելիքի տեղափոխման համար։
Միջազգային էներգետիկ գործակալությունն արդեն վերանայել է Ռուսաստանի մատակարարման կանխատեսումները՝ նշելով, որ ենթակառուցվածքների վնասված լինելու պատճառով Մոսկվան կդժվարանա առաջիկայում վերականգնել նախկին ծավալները։
Այնուամենայնիվ, նավթի բարձր գները (պայմանավորված Իրանի շուրջ ստեղծված ռազմական իրավիճակով) կարող են մասնակիորեն մեղմել Ռուսաստանի բյուջետային կորուստները։
