Այնտեղ, որտեղ լեռները «համբուրվում են» երկնքի հետ, և օդը հագեցած է մաքրությամբ, Ծաղկաձորի լռությունը խախտվում է մանկական ծիծաղով ու արցախյան բարբառի քաղցր հնչյուններով։ ՀԲԸՄ-ի (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) նախաձեռնած «Նաիրի» ընտանեկան ճամբարը դարձել է այն տաքուկ օջախը, որտեղ տեղահանության ցուրտը փոխարինվում է հոգատարությամբ, իսկ կորստի ցավը՝ նոր երազանքներով։
«Սպիտակ թուղթ», որի վրա գրվում է ապագան
Ճամբարի առաջին իսկ օրերից երեխաների հետ է «Faster First Aid» ընկերության հիմնադիր Գուրգեն Հովհաննիսյանը՝ առաջին օգնության մասնագետը։ Նրա համար երեխաները «սպիտակ թուղթ» են, որոնց հոգում այսօր սերմնացանը պետք է միայն լույս ու գիտելիք ցանի։ «Մեր առաքելությունը նրանց կրթելն է։ Երեխաները պետք է կարողանան հաղթահարել իրենց վախերը, լինի դա արյան տեսքից, թե պատահարների հիշողությունից։ Երբ նրանք սովորում են օգնել ուրիշին, նրանք հզորանում են ներսից»,— ասում է Գուրգենը՝ հավատալով, որ այսօրվա փոքրիկ գիտելիքը վաղվա մեծ հաղթանակների հիմքն է։


Տիեզերագնացի երազանքն ու մանկության կորսված բակը
10-ամյա Մաքսիմը Արցախից իր հետ բերել է մի մեծ երազանք՝ դառնալ տիեզերագնաց։ Բայց մինչ տիեզերքը նվաճելը, նա հիշում է իր տունը Հասնաբադում ու Բերքաձորում։ «Մեր տունը հենց դպրոցի կողքն էր։ Շատ եմ կարոտում ընկերներիս, որոնք հիմա տարբեր տեղերում են ապրում՝ վարձով, խառը… Եթե մեր գյուղում լինեինք, ամեն ինչ հանգիստ կլիներ»,- պատմում է Մաքսիմը։ Նրա խոսքերում թաքնված է ցավ, բայց նրա աչքերը փայլում են, երբ խոսում է ճամբարի խաղերի մասին։
Իսկ 11-ամյա Լիան երգի ու նկարչության միջոցով է փորձում վերագտնել իր Թաղավարդը։ Նա դեռ զգում է իր փոքրիկ շունիկի ջերմությունը, հիշում է Արցախի տատիկին ու պապիկին։ Ճամբարում Լիան նոր ընկերներ է գտել ու սովորել, որ «երաժշտությունն ու ընկերությունը բուժում են»։


Հոգու վերականգնում. «Դու մենակ չես»
Հոգեբան Մերի Վարդանյանը ճամբարի ամենակարևոր առաքելություններից մեկն է իրականացնում՝ հոգեբանական թերապիա ծնողների համար։ «Հիմնական խնդիրը կարոտն է ու հետտրավմատիկ սթրեսը։ Բայց երբ նրանք հավաքվում են խմբերով, հասկանում են՝ իրենք մենակ չեն իրենց ցավի հետ։ Մենք բացահայտում ենք նրանց ներքին ռեսուրսները, որպեսզի նրանք ուժ գտնեն առաջ շարժվելու»,- նշում է նա։
Այդ ուժի մասին է խոսում նաև Զարինա Թառանյանը։ Նրա համար ճամբարը միայն հանգիստ չէ, այլև դաս՝ ուղղված ողջ հասարակությանը. «Մենք բոլորս հայ ենք։ Կապ չունի՝ Արցախից ենք, թե Գյումրիից։ Մենք պետք է համախմբվենք, որ հաղթահարենք այս դժվարությունները»։
Գույների թերապիա և թիմային ոգի. հոգեբանների հայացքը
Ճամբարում հոգեբանական աշխատանքը խորն է ու բազմաշերտ։ Մանկական հոգեբան Սոնա Հարությունյանը, ով երեխաների հետ աշխատում է հեքիաթաթերապիայի և նկարչության միջոցով, նկատում է մի կարևոր փոփոխություն։ «Երեխաները բավականին խոր աշխարհայացք ունեն և աշխարհը տեսնում են բազմազան գույներով։ Նրանք օգտագործում են վառ գույներ, ինչն արդեն իսկ խոսում է այն մասին, որ կյանքում գույներն իրենց տեղը վերականգնելու են»,- նշում է Սոնան։
Հերմինե Դյուզյան. Սփյուռքի ու հայրենիքի կամուրջը
Այս ամբողջ մեծածավալ աշխատանքի թիկունքում կանգնած է «Նաիրի» ճամբարների տնօրեն Հերմինե Դյուզյանը։ Նրա համար ճամբարը սոսկ նախագիծ չէ, այլ սիրո ու նվիրումի տուրք հայրենիքին։ «Արդեն երրորդ տարին է, ինչ մենք ստեղծում ենք այս «փոքրիկ Արցախը»։ Մոտ 5000 մարդ արդեն անցել է այս ճամբարով։ Սփյուռքահայի համար «Արցախ» բառը սրբություն է։ Մենք ուզում ենք, որ մայրիկները հանգստանան, իսկ երեխաները՝ վերադառնան իրենց մանկությանը»,- հուզմունքով պատմում է տիկին Դյուզյանը։
«Նաիրի» ճամբարում սովորում են ոչ միայն առաջին բուժօգնություն կամ նկարչություն, այլև սովորում են նորից ժպտալ ու հավատալ ապագային։