Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին կոչ է արել ակտիվացնել ջանքերը հայ գերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Դիմումը նա փոխանցել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Վարդանյանը հայտնել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ, որի հետ քննարկել է հայ բանտարկյալների պահման պայմանները, այդ թվում՝ կենցաղային, բժշկական, իրավական և հումանիտար ասպեկտները: Նրա խոսքով՝ խոսքն այն խնդիրների մասին է, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդկանց անվտանգությանը, առողջությանը և արժանապատվությանը։
«Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին», – ասվում է դիմումում:
Նա նշել է, որ Ալիևայի խոսքով՝ ավելի վաղ քննարկվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի Բաքու այցի հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել նրա կազմակերպմանը, սակայն նախաձեռնությունը մինչ օրս չի իրականացվել: Վարդանյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացիները տևական ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքների հետ հանդիպումների և անկախ մոնիտորինգի, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:
Այս ֆոնին, նրա գնահատմամբ, օմբուդսմենի հայկական ինստիտուտը բավարար նախաձեռնություն չի ցուցաբերում։ Վարդանյանը կոչ է արել դիտարկել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի և բանտարկյալների հարազատների մասնակցությամբ Բաքու այց կազմակերպելու հնարավորությունը: Նա նշել է, որ իր կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է միանալ նման ուղևորությանը։
Դիմումում ընդգծվում է նաև երկու երկրների օմբուդսմենների միջև համակարգման անհրաժեշտությունը, որի բացակայությունը, ըստ Վարդանյանի, փաստացի նշանակում է հրաժարվել միակ մարդասիրական ալիքից օգտվելուց: Նա խնդրել է Մանասյանին հրապարակայնորեն պատասխանել, թե արդյոք դիտարկվում է Բաքու այցի հնարավորությունը, ինչպես է նախատեսվում համակարգումը ադրբեջանական կողմի հետ, և ինչ միջոցներ են արդեն ձեռնարկվել հայ գերիների իրավունքների պաշտպանության համար:
Վերջում Վարդանյանը հայտարարել է բոլոր հասանելի հումանիտար և իրավական մեխանիզմները գործի դնելու անհրաժեշտության մասին և նշել, որ այդ հարցերի անտեսումը, իր կարծիքով, անհամատեղելի է իր քաղաքացիների առջև պետության ստանձնած պարտավորությունների հետ:
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է մնալ 19 հայ գերի։ 2025 թվականի հունվարին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի երեք նախկին նախագահների և հինգ այլ ռազմաքաղաքական առաջնորդների նկատմամբ «դատական գործընթացները»։ Նրանք դատապարտվել են 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման:
Արցախի նախկին պետնախարարը Բաքվում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Վարդանյանը հրաժարվել էր պաշտպանական դիրքորոշում ներկայացնել դատարանում՝ հայտարարելով, որ տեղի ունեցողը համարում է դատական ֆարս: Արցախցի գործչի ընտանիքը դատարանի որոշումից հետո հայտարարել էր, որ շարունակելու է պայքարը Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատման համար:
Արցախի մյուս նախկին ղեկավարները դատապարտվել էին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր նրանց վաղաժամ ազատման հնարավորությունը։
