Ավելի քան մեկ ամիս է, ինչ շարունակվում է ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությունը։ Թեև հայտարարվել էր երկշաբաթյա հրադադար, սակայն Հորմուզի նեղուցի շուրջ դեռևս կան մի շարք տարաձայնություններ։ Այս իրավիճակից անմասն չի մնում նաև Հայաստանը. պատերազմն իր ազդեցությունն է ունենում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է «ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանի հետ։
– Պարո՛ն Պողոսյան, ըստ Ձեզ՝ ո՞րն է եղել տնտեսական ազդեցությունը։
Տնտեսական հարցերով փորձագետ չեմ, հետևաբար խորը մասնագիտական գնահատականներ չեմ կարող տալ, բայց որքանով հետևում եմ ընդհանուր վերլուծություններին, այդ թվում՝ տնտեսագիտական հետազոտական կենտրոնների տվյալներին, հասկանալի է, որ Հայաստանի ապրանքաշրջանառության (թե՛ արտահանման, թե՛ ներմուծման) 9-20%-ն անցնում է Իրանի տարածքով։ Այդ ամենն այժմ լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Խոսքը տարբեր ապրանքատեսակների մասին է՝ սկսած բիտումից ու ցեմենտից, վերջացրած որոշակի սննդամթերքով։ Որքանով տեղյակ եմ՝ արտահանման և ներմուծման որոշակի այլընտրանքային ուղիներ արդեն գտնվել են։ Օրինակ՝ Չինաստանից խաղալիքների կամ կահույքի ներմուծումը սկսել է իրականացվել Վրաստանի տարածքով՝ սևծովյան նավահանգիստներով։
Եթե նայում ենք Կենտրոնական բանկի գնահատականներին, 2026 թվականին ինֆլյացիայի (գնաճի) վրա կարող է լինել մինչև 1,7 տոկոսային կետի ազդեցություն, ինչը փոքր թիվ չէ։ Սակայն, որքանով հասկանում եմ, դա չի կարող շատ ծանր հարված լինել մեր տնտեսության և սպառողների համար։ Տնտեսական առումով ազդեցությունն առկա է, բայց գոնե մինչ այս պահը չի կարելի ասել, թե այն չափից դուրս շատ է կամ կործանարար։
– Իսկ քաղաքական տեսանկյունից ի՞նչ ազդեցություն է ունեցել։
-Առաջնային խնդիրը կապված է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և, մասնավորապես, TRIPP ծրագրի հետ։ Երբ 2025-ի օգոստոսին հայտարարվեց ծրագրի մասին, Իրանի դիրքորոշումը համեմատաբար «փափուկ» էր. հնչում էին մտահոգություններ, բայց նաև նշվում էր, որ այն կարող է օգտակար լինել Իրանի համար։ Սակայն ռազմական թևում՝ մասնավորապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կամ անվտանգային համակարգի ներկայացուցիչների արձագանքը շատ ավելի բացասական էր։ Ըստ նրանց՝ սա նույն «Զանգեզուրի միջանցքն» է, և եթե ամերիկացիները հայտնվեն այստեղ, ապա այն նրանց համար «գերեզման կդառնա»։ Ակնհայտ է, որ փետրվարի 28-ից հետո այդ թևի ազդեցությունը Իրանի որոշումների կայացման վրա էականորեն աճել է։ Կարող ենք ենթադրել, որ Իրանում TRIPP-ի նկատմամբ դիրքորոշումն էլ ավելի է կոշտացել։ Սա լուրջ մարտահրավերներ է ստեղծում ծրագրի իրականացման համար՝ առնվազն հետաձգման իմաստով։ Երբ Իրանն ինչ-որ գործընթաց ընկալում է որպես սպառնալիք իր կենսական շահերին, պատրաստ է կիրառել բոլոր միջոցները, այդ թվում՝ ռազմական ուժը, ինչպես տեսանք Ծոցի տարբեր պետություններում ամերիկյան թիրախներին հասցված հարվածների օրինակով։
– Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանը ստեղծված իրավիճակում։
Հայաստանը պետք է բալանսավորի հարաբերությունները ԱՄՆ-ի և Իրանի հետ, ինչն ամենևին հեշտ չէ։ Հիմա, երբ պատերազմը շարունակվում է, և ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչով կավարտվի այս ամենը (կունենանք երկարաձգված զինադադար, թե՞ նոր պատերազմ), անորոշությունները շատ են։ Այս պայմաններում Միացյալ Նահանգների և Իրանի միջև բալանսավորումն ավելի խնդրահարույց է դառնում։ Քաղաքական առումով հիմնական մարտահրավերները երկուսն են. առաջինը՝ հավասարակշռության պահպանումը ԱՄՆ-ի ու Իրանի միջև, և երկրորդը՝ TRIPP-ի իրականացման ճանապարհին առաջացող հավելյալ խոչընդոտները։
Լիլիթ Աբրահամյան
