Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Արցախի վերաբերյալ բանաձևերի համար

Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ այդ երկրների խորհրդարանների կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերի կապակցությամբ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեսպաններին տեղեկացրել է, որ այդ բանաձևերը դիտարկում է որպես երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված փորձ։ Բաքվում պնդել են, որ նման փաստաթղթերը խաթարում են Հայաստանի հետ ընթացող խաղաղության գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «կողմնակալ» է որակել եվրոպական խորհրդարանականների դիրքորոշումը և հայտարարել, որ չի ընդունում Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, հայ բնակչության իրավունքների և «ապօրինի ձերբակալությունների» վերաբերյալ մեղադրանքները։

Ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների ընդունած բանաձևերում շեշտվում է, որ արցախահայության անվտանգ վերադարձը սեփական հայրենիք հնարավոր չէ առանց միջազգային արդյունավետ մեխանիզմի։

Փաստաթղթերում նաև կոչ է արվում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից՝ վերադառնալով 2021 թվականի մայիսի 12-ի դրությամբ առկա դիրքերին, ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Բրյուսելին և Հաագային միջոցներ ձեռնարկել խորհրդարաններում «հակաադրբեջանական» խմբերի գործողությունները կանխելու համար, որոնք, ըստ Բաքվի, վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին։ Նշենք, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը արդեն հայտարարել է, որ ակնկալում է գործնական քայլեր եվրոպական կառավարություններից՝ ընդունված բանաձևերի դրույթները կյանքի կոչելու համար։

Leave a Comment