New York Post-ը գրում է, որ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի շուրջ ստեղծված անորոշությունը կարող է լինել Թեհրանի կողմից իրականացվող դիվանագիտական մարտավարության մաս։
Ըստ պակիստանյան բարձրաստիճան աղբյուրների՝ Իրանի նախնական հայտարարությունները բանակցություններին չմասնակցելու վերաբերյալ ընդամենը «կեցվածք» են՝ նպատակ ունենալով գալիք քննարկումներում ստանալ առավելագույն շահավետ պայմաններ և զիջումներ։
Չնայած երկուշաբթի կեսօրին Թեհրանը դեռևս վերջնական որոշում չէր կայացրել պատվիրակություն ուղարկելու վերաբերյալ, Պակիստանի իշխանությունները հայտնում են, որ իրանական կողմը իրականում «հակված է» շարունակել երկխոսությունը։
«Մենք ո՛չ լավատես ենք, ո՛չ հոռետես, այլ՝ իրատես»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ Իսլամաբադը շարունակում է մնալ միակ վստահելի միջնորդը երկու կողմերի համար, ինչը նշանակում է, որ գործընթացը կանգ չի առել, և վերջնական որոշման դեպքում հանդիպումը կկայանա հենց Պակիստանի մայրաքաղաքում։
Միևնույն ժամանակ, Իսլամաբադում անվտանգության միջոցառումները հասցվել են առավելագույնի։ «Սերենա» հյուրանոցի մոտակայքում տեղակայվել են անցակետեր, իսկ Ռավալպինդիի ռազմաբազայում արդեն վայրէջք են կատարել ամերիկյան ռազմական ինքնաթիռները։
