Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Հարավային Կովկասում հուսալի և կայուն խաղաղության: Այս մասին այսօր ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը շարունակում է կենտրոնանալ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, որտեղ շարունակվում է երկարատև խաղաղության և կայունության որոնումը։
«Արձանագրում ենք հուսադրող միտումներ, որոնք միտված են երկու երկրների միջև խաղաղության միջպետական համապարփակ համաձայնագրի ստորագրմանը: Մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հուսալի ուղի է», – ասել է Մասադիկովը։
