Շտապբուժօգնության աշխատակիցների աշխատավարձները կբարձրանան ապրիլ ամսից, իսկ մարտի համար հավելավճար կտրվի, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Ըստ նրա՝ ծառայության բժիշկները, բուժքույրերն ու բուժակները ապրիլից կստանան 20%-ով ավել աշխատավարձ, գծային բրիգադները և վարորդները՝ 30%, իսկ բուժակների և հոգեբուժական բրիգադները՝ 25%։
Նա նշել է, որ մեկ կանչի արժեքը դարձել է 11 հազար դրամ՝ 8 հազար դրամի փոխարեն։ Կարապետյանն Armenia Today-ին հստակեցրեց, որ այս գումարը քաղաքացու 9-րդ կանչի համար վճարվող 10 հազար դրամի հետ կապ չունի։
Ապրիլի 10-ին Կարապետյանն Armenia Today-ին հայտնել էր՝ երբ և ինչքան կբարձրանան աշխատավարձերը։ Աշխատավարձերի բարձրացում Շտապօգնության ծառայությունում խոստացվել էր հունվարի 15-ին։ Մարտի 16-ի գործակարգավարական նիստում Առողջապահության վարչության պետը հաստատել էր, որ աշխատավարձերի բարձրացում չի իրականացվել ու պարզ չի, թե երբ կլինի։ Շտապօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանն Armenia Today-ին վստահեցրել էր, որ գործընթացն ընթացքի մեջ է։
Դիտեք նաև՝
Բարեփոխում թղթի վրա. Շտապօգնության աշխատակիցներն սպասում են աշխատավարձի խոստացված բարձրացմանը
