Անորոշություն Իսլամաբադում. ԱՄՆ-Իրան բանակցությունների մեկնարկը հայտնվել է տապալման եզրին

Անորոշություն Իսլամաբադում. ԱՄՆ-Իրան բանակցությունների մեկնարկը հայտնվել է տապալման եզրին

Reuters-ը գրում է, որ Իսլամաբադում խաղաղության բանակցությունների երկրորդ փուլի մեկնարկից ժամեր առաջ իրավիճակը կտրուկ սրվել է՝ կասկածի տակ դնելով դիվանագիտական գործընթացի շարունակականությունը։ Լարվածության նոր ալիքը բռնկվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կալանավորել է իրանական մի բեռնատար նավ, որը փորձել է շրջանցել ռազմածովային շրջափակումը։ 

Ի պատասխան սրան՝ Թեհրանը հայտարարել է պատասխան գործողությունների դիմելու մտադրության մասին, իսկ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Իրանը որևէ պատվիրակություն չի ուղարկի Պակիստան, քանի դեռ ծովային շրջափակումը շարունակվում է։

Իրավիճակն էլ ավելի է բարդացել ԱՄՆ պատվիրակության կազմի շուրջ առաջացած շփոթմունքի պատճառով։ Չնայած նախագահ Թրամփը հայտարարել էր, որ իր բանագնացները Իսլամաբադ կժամանեն երկուշաբթի երեկոյան՝ հրադադարի ժամկետի ավարտից ընդամենը մեկ օր առաջ, հակասական տեղեկություններ են տարածվել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցության վերաբերյալ։

Սպիտակ տան սկզբնական հայտարարություններին հետևել է Թրամփի հերքումը, թե փոխնախագահը չի մեկնելու բանակցություններին, ինչն ուժեղացրել է կողմերի միջև առկա անվստահությունը։

Մինչ դիվանագիտական հարթակում անորոշություն է տիրում, Պակիստանի իշխանություններն Իսլամաբադում անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկում։ Քաղաքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի և ծանր բեռնատարների երթևեկությունը, իսկ «Սերենա» հյուրանոցի մոտակայքում, որտեղ անցկացվելու էին հանդիպումները, տեղադրվել են փշալարեր։ 

Leave a Comment