Ժողովրդավարության «հիբրիդային աքցանը». ինչպես է վերաձևվում Եվրոպայի ընտրական քարտեզը

Ժողովրդավարության «հիբրիդային աքցանը». ինչպես է վերաձևվում Եվրոպայի ընտրական քարտեզը

2023 թվականից հետո Եվրոպայից մինչև հետխորհրդային երկրներ ընթանում է մի գործընթաց, որն այլ կերպ, քան պետությունների ինքնիշխանությանը միտված արտաքին միջամտության օրինականացում, դժվար է անվանել։ Եթե ընդամենը մի քանի տարի առաջ ընտրություններին արտաքին խաղացողների բացահայտ միջամտությունը կամ ընտրարշավի նախօրեին մասնակիցների նկատմամբ դրսից դրսևորվող անգամ աննշան համակրանքն ու հակակրանքը համարվում էին կոպիտ միջամտություն, ապա այսօր դա գերտերությունների համար դարձել է «կենցաղային» սովորույթ։

Բրյուսելից մինչև Երևան. ճակատամարտ՝ առանց քողի

Օրինակ՝ Ֆրանսիայում Կրեմլը բացահայտորեն սատարում էր Մարին Լը Պենին՝ հույս ունենալով պառակտել ԵՄ-ն։ Գերմանիայի 2025 թ․ խորհրդարանական ընտրություններում Կրեմլը տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով աջակցում էր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը։ Ի դեպ, ամերիկյան պահպանողականների համար AfD-ն երկար ժամանակ «գաղափարական դաշնակից» էր։ Դոնալդ Թրամփի և Ջեյ Դի Վենսի թիմն այդ ուժին տեսնում էր որպես Գերմանիայի «պահպանողական ապստամբության» առաջամարտիկ, որը պայքարում է լիբերալ էլիտաների և միգրացիայի դեմ։ 2025-ին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ջեյ Դի Վենսը ջերմորեն ընդունեց AfD-ի առաջնորդ Ալիս Վայդելին։

Մոլդովայում 2024 թ․ աշնանը տեղի ունեցած նախագահական ընտրություններում Ռուսաստանը ստվերային ֆինանսական միջոցների հզոր ներարկումներ կատարեց՝ փորձելով ուղղակիորեն գնել ընտրողների քվեն և էներգետիկ շանտաժով տապալել երկրի իշխանությունների եվրոպամետ կուրսը։ ԵՄ-ն դրան պատասխանեց Քիշնևին տրամադրվող աննախադեպ՝ 1,8 միլիարդ եվրոյի օգնությամբ՝ ժողովրդավարական դիմակայունությունը բարձրացնելու համար։ Այս փուլում Ռուսաստանը Մոլդովայում պարտվեց։

Հունգարիայում օրերս ավարտված խորհրդարանական ընտրություններում պսևդոազգայնական Վիկտոր Օրբանը վայելում էր ԱՄՆ հանրապետական թևի և Կրեմլի բացահայտ հովանավորությունը։ Թեև դա բավարար չեղավ ԵՄ-ի զուսպ, բայց շոշափելի աջակցությունը վայելող Պետեր Մադյարի հաղթարշավը կանգնեցնելու համար, սակայն աշխարհն ականատես եղավ Ջեյ Դի Վենսի կողմից Օրբանին ցուցաբերված ուղղակի աջակցությանը։

Այս ալիքը հիմա հասել է Հայաստան։ 2026-ի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ ընթանում են արտաքին ուժերի ակտիվ ներկայությամբ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի 2026 թ. փետրվարյան այցը Երևան, նրա կողմից ստորագրված ռազմավարական համաձայնագրերը, ինչպես նաև իշխանությունների որդեգրած խաղաղության կուրսին լիարժեք աջակցություն հայտնելը հստակ ազդանշան էին նրանց նախապատվությունների վերաբերյալ։ Մոսկվան դրան հակադարձեց կոշտ՝ լիովին բացելով խաղաքարտերը․ ՌԴ նախագահը Կրեմլ հրավիրեց ՀՀ վարչապետին և ուղիղ պահանջեց չխանգարել իրենց հովանավորությունը վայելող քաղաքական ուժերի մասնակցությանը ընտրություններին։ Ավելին, ներխուժումը ՀՀ ներքին կյանք ուղեկցվեց հայ ընտրողների դեմ ուղղված էներգետիկ և առևտրային «օվերչուկյան շանտաժի տանկերով»։ Այս ամենը փաստում է, որ Հայաստանի ժողովրդավարությունը հայտնվել է հզոր միջազգային ճնշումների կիզակետում։ Ի պատասխան՝ ԵՄ-ն որոշել է Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով մասնագիտական-տեխնոլոգիական «դեսանտ իջեցնել» Երևանում։

Միջամտության մեխանիզմը

Այս գլոբալ «աքցանի» յուրաքանչյուր կողմն ունի իր հստակ ռազմավարական հիմնավորումը.

Վաշինգտոնի ներկայիս վարչակազմի (Թրամփ-Վենս) միջամտությունները ներկայացվում են ազգային-պահպանողականության գաղափարախոսությամբ։ ԱՄՆ-ն այս հենքն օգտագործում է որպես քաղաքական ներգործության լծակ Եվրոպայի և ՆԱՏՕ-ի վրա՝ շրջանցելով Բրյուսելի բյուրոկրատիան և ուղիղ կապեր հաստատելով առանձին պետությունների հետ։
Ռուսաստանի փիլիսոփայությունն անփոփոխ է՝ կայսերականություն։ Մոսկվայի համար յուրաքանչյուր ընտրություն պայքար է հետխորհրդային տարածքի նկատմամբ վերահսկողության պահպանման համար, որն իր կողմից ընկալվում է որպես բուֆերային գոտի։ Ռուսաստանը միջամտում է՝ համոզված լինելով, որ ունի «պատմական իրավունք» որոշելու հարևանների ապագան։
ԵՄ-ի միջամտությունը հիմնված է սեփական դիմակայունության ուժեղացման տրամաբանության վրա։ Բրյուսելի համար Ուկրաինան, Մոլդովան և Հայաստանը «անվտանգության գոտի» են ռուսական ռիսկերից պաշտպանվելու համար։ ԵՄ-ն միջամտում է ֆինանսական ներարկումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով։
Արտաքին միջամտության համար գործի է դրվում երեք հիմնական գործիք․ բացահայտ հովանավորչություն, տեղեկատվական մանիպուլյացիա և էներգետիկ ու ֆինանսական շանտաժ, որոնք հատկապես Ռուսաստանի և ԱՄՆ-ի ձեռքին լիարժեք «մահակ» են։

Տեղական ընտրապայքարն աշխարհաքաղաքականության մաս են դարձնում ոչ միայն ավտորիտար ռեժիմները, այլև «ժողովրդավարության բաստիոնները»։ Քվեն այլևս միայն քաղաքացու իրավունքը չէ, այն կրակոց է գլոբալ աշխարհաքաղաքական լանդշաֆտում։ Այս երևույթը վտանգում է ժողովրդավարության էությունը՝ հանգեցնելով քաղաքական էլիտաների դեգրադացիայի և ինքնիշխանության գաղափարի քայքայման։ Ընտրությունները վերածվել են հիբրիդային պատերազմի մասի, որը հասարակություններին խոցելի է դարձնում արտաքին «վիրուսների» համար։

Սակայն դրան դիմակայելու բանալին գոյություն ունի։ Հունգարիայի ժողովուրդը, հեռացնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միաժամանակյա հովանավորությունը վայելող Օրբանի օլիգարխիկ իշխանությունը, ցույց տվեց, թե ինչպիսի տեսք ունի այդ բանալին։

Գոռ Աբրահամյան

Leave a Comment