Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել

Առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը:

«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։

Հետևաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»,- հայտնել է Օնիկ Գասպարյանը:

Leave a Comment