Իրանը փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար վերացումը

Իրանը փակել է Հորմուզի նեղուցը մինչև ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման լիակատար վերացումը, հայտարարել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հրադադարի համաձայնագրի խախտման պատճառով, քանի որ թշնամին՝ Միացյալ Նահանգները, չի վերացրել իրանական նավերի և նավահանգիստների ռազմածովային շրջափակումը, Հորմուզի նեղուցը կփակվի այսօրվանից մինչև շրջափակման վերացումը», – ասվում է հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ն կոչ է արել նավատերերին խստորեն հետևել իրանական կողմի առաջարկություններին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ որակել է որպես «անարժանահավատ»։

«Մենք զգուշացնում ենք, որ ոչ մի տեսակի նավ չպետք է լքի իր խարիսխները Պարսից ծոցում և Օմանի ծովում, և որ Հորմուզի նեղուցին մոտենալը կհամարվի թշնամու հետ համագործակցություն, և այդ կանոնները խախտող նավերը կենթարկվեն քրեական պատասխանատվության», – հավելել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը։

Ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ին և Իրանին չէր հաջողվել համաձայնության գալ պատերազմի դադարեցման շուրջ։ Կողմերը բանակցությունները որակել էին որպես «բարդ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, պնդել էր, թե Իրանի հետ համաձայնագիրը «շատ մոտ է» կնքմանը, և Թեհրանը պատրաստ է ամերիկյան կողմին փոխանցել հարստացված ուրանի պաշարները։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել էին այս տեղեկությունները։

Այսօր ավելի վաղ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր Հորմուզի նեղուցով սահմանափակ առևտրային տարանցումը թույլատրող համաձայնագրի չեղարկման մասին։

Leave a Comment