Ազգային հետախուզական ծառայությունը ձգտում է ոչ պաշտոնական դեր խաղալ միջնորդական ջանքերում
Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը հույս ունեն նոր հանդիպում կազմակերպել Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի միջև: Axios-ի աղբյուրների համաձայն՝ նախաձեռնողները հույս ունեն ժամկետը պահպանել մինչև ապրիլի 21-ը:
Առանցքային հարց. Ո՞րն է կողմերի շահագրգռվածությունը՝ նպաստելու Միջին Արևելքում առանց այդ էլ չափազանց շիկացած մթնոլորտի լիցքաթափմանը: Թուրքական հետախուզությունը (MIT) որոշ խաղացողների համար աննկատ և անսպասելիորեն դարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի հիմնական միջնորդը՝ օգտագործելով իրենց կապերը ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի հետ՝ լիցքաթափումը խթանելու համար՝ միաժամանակ կենտրոնանալով ազգային անվտանգության շահերի պաշտպանության վրա, հայտնում է Al Monitor-ը:
Մեկ շաբաթ առաջ ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարը, որը ձեռք է բերվել հիմնականում Պակիստանի միջնորդությամբ: Այն ընդհատեց 40-օրյա ռազմական գործողությունները, բայց չլուծված թողեց հիմնական վիճելի հարցերը։ Իսլամաբադում ապրիլի 11-ին տեղի ունեցած հակամարտող կողմերի բանակցությունները դեռևս լավագույն դեպքում նախանշել են տարաձայնությունների հիմնական ուրվագծերը, սակայն բնավ չեն նպաստել առկա խնդիրների լուծմանը, ինչի մասին են վկայում Սպիտակ տան ներկայիս տիրոջ կտրուկ շարժումներն ու հակասական քայլերը:
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունն ու Թեհրանը դիտարկում են երկրորդ հանդիպման հնարավորությունը՝ փորձելով վերսկսել բանակցային գործընթացը՝ հրադադարի նպատակով: Ընդ որում, հստակեցվում է՝ Թրամփի վարչակազմի նպատակն է՝ նոր բանակցություններ անցկացնել մինչև երկշաբաթյա զինադադարի ավարտը:
Այսպես թե այնպես, անկախ բանակցությունների համար հարթակի ընտրությունից՝ Պակիստան, Թուրքիա կամ, օրինակ, Եգիպտոս, այժմ այնքան էլ պարզ չէ, թե ինչպես մոտեցնել բանակցային դիրքերը։ Վաշինգտոնի և Թեհրանի մոտեցումներն անհաշտ են թվում մի շարք առումներով, ներառյալ՝ իրանցիների հիմնական հաղթաթուղթը՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, կամ էլ Թեհրանի հրթիռային ծրագրի կասեցումը, ինչը նախկինի պես պնդում են Վաշինգտոնում։
Թեև գլխավոր միջնորդի դերում հանդես է գալիս Իսլամաբադը, Անկարան նաև միջնորդական դեր է խաղացել Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցություններում՝ ինչպես հակամարտությունից առաջ, այնպես էլ՝ դրա ընթացքում: Ավելին, Թուրքիան մնում էր մի քանի ոչ պաշտոնական ալիքներից մեկը, որոնց միջոցով փոխանցվում էր ԱՄՆ-ի առաջարկը՝ բանակցություններ վարել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆի միջև։ Մեկ ամսվա ընթացքում արտգործնախարար, Էրդողանի հավանական իրավահաջորդներից Հաքան Ֆիդանն ավելի քան 150 հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյաների և տարածաշրջանային գործընկերների հետ: Պաշտոնական տվյալներից հետևում է, որ միայն ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ է նա խոսել ավելի քան մեկ տասնյակ անգամ։ Հատկանշական է՝ հրադադարից հետո Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը շնորհակալություն է հայտնել Թուրքիային, Չինաստանին, Եգիպտոսին, Քաթարին և Սաուդյան Արաբիային՝ ցուցաբերած աջակցության համար: Ավելի ուշ նա խոսել է Էրդողանի հետ, և երկու կողմերն էլ բարձր են գնահատել միմյանց ջանքերը զինադադարին ընդառաջ:
Թեև թուրքական հետախուզությունն ավելի քիչ նկատելի էր, քան դիվանագետներն ու նախագահը, այն կարող էր նաև նկատելի ոչ ֆորմալ դեր խաղալ հրադադարի խթանման գործում: Համապատասխան բանակցությունների ընթացքում Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունն ուղիղ կապեր է պահպանել՝ ինչպես արևմտյան պաշտոնյաների, այնպես էլ՝ Իրանի, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի հետ: Նպատակն է հակամարտող երկու կողմերին էլ փոխանցել կարևոր հաղորդագրություններ և կանխել ցանկացած հավանական թյուրիմացություն, հաղորդում է TRT World պետական հեռուստառադիոընկերությունը: Պակիստանյան աղբյուրի համաձայն, որը սերտորեն կապված է երկրի պաշտպանական և ուժային կառույցների հետ, դեէսկալացիայի գործընթացում թուրքական հետախուզության ենթադրյալ դերը համապատասխանում է Անկարայի և Իսլամաբադի միջև երկարամյա համագործակցությանը, որն ընդգրկում է հակաահաբեկչական գործողությունները, Աֆղանստանում անվտանգության ոլորտում համակարգումը և այլ հարցեր:
Մեկ այլ ուշագրավ գործոն է այն, որ նախքան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելը և Աֆղանստանի ու Պակիստանի միջև ռազմական գործողությունների սկսվելը, Անկարան աննկատելիորեն նպաստել է Քաբուլի և Իսլամաբադի միջև լարվածության թուլացման ուղիների ստեղծմանը, ըստ մեկ այլ աղբյուրի։
Ընդհանուր առմամբ, թուրքական հետախուզությունը հազվագյուտ խաղացող է, որն ունակ է անմիջականորեն համագործակցել և «մի քանի տախտակների վրա խաղալ» ԿՀՎ-ի, ԻՀՊԿ-ի և «Մոսադի» հետ միաժամանակ: Դրա հետ մեկտեղ, վերջին տարիներին Իսրայելի հետ պաշտոնական շփումների բացակայությունն Անկարայի գլխավոր «աքիլեսյան գարշապարն» է։ Երկու կողմերն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին 2023 թվականին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը թուրքական իշխանությունների աջակցության խորապատկերին։ Թեև ոչ միանգամից, բայց թուրքերը հաջորդ տարի խզեցին Իսրայելի հետ առևտրային կապերի մեծ մասը։ Նույն ժամանակ Թուրքիան փակեց իր օդային տարածքը իսրայելցի պաշտոնյաների մասնավոր թռիչքների համար և արգելափակեց Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ինչը խորացրեց պառակտումը: Միևնույն ժամանակ, որքանով կարելի է դատել, հետախուզության հետ կապի ուղիները բաց են մնում. MIT-ի տնօրեն Իբրահիմ Քալընը 2024 թվականի նոյեմբերին Անկարայում հանդիպել է Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (Shabak) այն ժամանակվա տնօրեն Ռոնեն Բարի հետ՝ քննարկելու Գազայում հրադադարը, պարզաբանել է Axios-ի Բարաք Ռավիդը։
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ MIT-ը նույնպես վճռորոշ դեր է խաղացել ԱՄՆ-ին Իրանի կառավարության դեմ պայքարելու համար քրդերին զինելուց հետ պահելու հարցում: Անկարան այդ հարցը սերտորեն կապված է համարում իր ազգային անվտանգության շահերի հետ։
Ավելի վաղ գրել էինք՝ Իրանի և Իրաքի քրդերի զինված խմբավորումները հավաքվում էին Էրբիլի Քրդստանի տարածաշրջանային կառավարության կողմից վերահսկվող շրջաններում՝ պատրաստվելով ներխուժել քրդական մեծամասնությամբ արևմտյան իրանական նահանգներ՝ «ռեժիմի դեմ պայքարելու համար», սակայն ավելի ուշ այդ ծրագրերը հետաձգվեցին: Թուրքական կառավարական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ MIT-ի ղեկավարի պաշտոնում Ֆիդանին հաջորդած Իբրահիմ Քալընը ինտենսիվ բանակցություններ է վարել իրաքցի պաշտոնյաների և քրդական ինքնավարության ներկայացուցիչների հետ՝ ձգտելով կանխել քրդերի ցանկացած մասնակցություն Իրանի վրա հարձակումներին:
Իրանի թշնամիների քայքայիչ ծրագրերը լրջորեն անհանգստացրել են Անկարային, հատկապես՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամների կողմից 2004 թվականին հիմնադրված «Քրդստանի ազատ կյանք» կուսակցության հնարավոր ներգրավվածության պատճառով։
Իր բանակցային մանևրներում Սպիտակ տունը մեծապես հենվում է ՆԱՏՕ-ի մերձավորարևելյան դաշնակցի վրա՝ որպես առանցքային տարածաշրջանային տերություն, որը կապի ուղիներ է պահպանում Իրանի և Իրաքում իրանամետ շիա աշխարհազորայինների հետ, ինչպես նաև ազդում է Սիրիայի գործընթացների վրա, մինչդեռ Վաշինգտոնը շահագրգռված է պահպանել դիվանագիտական ուղիները տարածաշրջանում, որն ավելի ու ավելի անկայուն է դառնում:
Զինված հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Եգիպտոսի և Պակիստանի անկեղծ շահագրգռվածությունը պայմանավորված է առնվազն մեկ կարևոր ասպեկտով։ Տարածաշրջանի քարտեզի վրա հերթական թեժ կետը վնասում է Կահիրեի տնտեսական շահերին, քանի որ Եգիպտոսի տնտեսությունը դեռ հստակ չի հասցրել վերականգնվել հարվածից՝ Գազայում Իսրայելի ավերիչ գործողությունների պատճառով Սուեզի երթուղու պահանջարկի անկման հետևանքով։ Իրանի դեմ ագրեսիան կարող է երկար ժամանակով սառեցնել տրանսպորտային զարկերակները, ինչը կնպաստի եգիպտական հասարակության մեջ էլեկտրաֆիկացված մթնոլորտի ձևավորմանը:
Մերձավոր Արևելքում հակամարտությունն անուղղակիորեն ազդում է նաև Իսլամաբադի՝ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքի (CPEC) մեգանախագծի իրականացման ծրագրերի վրա, որը կապված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում չինական ներդրումների հետ: Պակիստանի հովանավոր Չինաստանին Պարսից ծոցում նավթի մատակարարումների խափանումներն ակնհայտորեն ոչ մի օգուտ չեն բերում, ինչպես նաև ականների կուտակումների պատճառով CPEC-ից օգտվելու անհնարինությունը: Սակայն, ընթացիկ իրադարձությունները ցույց են տալիս՝ միջնորդական ջանքերի հաջողությունն ամենևին էլ ակնհայտ չէ. ագրեսորները մտադիր են հետագայում ևս առաջ մղել իրենց գիծը, ինչի հետ Իրանում հաստատ համաձայն չեն:
Յուրի Մավաշև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի