Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Ստամբուլում հանդիպմանը մտահոգություն է հայտնել վերջին մեկ տարվա ընթացքում եկեղեցի-իշխանություն առճակատումների առնչությամբ:
Արքեպիսկոպոսը մաղթել է, որ մոտ ապագայում վերջանա «անօգուտ ձգտվող այս կացությունը» և վերահաստատվի հաշտություն ու համերաշխություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև:
Մաշալյանն ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքն ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը:
Սիմոնյանը Ստամբուլում է՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին: Այնտեղ հանդիպել է նաև իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մեկ տարի է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը: Վերջինս բազմիցս ակնարկել է, որ հեռանալու մտադրություն չունի: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնիսկ իր նախընտրական ծրագրով է առաջարկում «բարեփոխել» Հայ Առաքելական եկեղեցին՝ նախատեսելով ղեկավարության փոփոխություն, նոր կանոնադրության ընդունում և ֆինանսական թափանցիկություն։ Մայր Աթոռը դա քննադատել է:
