Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 17 անձ ձերբակալվել է, հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի՝ վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով:
Այսօր ավելի վաղ իրավապահները դատարանի մոտից ոստիկանության տարբեր բաժիններ էին բերման ենթարկել ակցիայի 17 մասնակցի։ Դատարանում քննվում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի տնային խափանման միջոցը փոխելու հարցը։ Դատարանը 3 ամսով երկարաձգել էր Կարապետյանի տնային կալանքը։
Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին։
Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը:
