Փափուկ խաղալիքները դարձել են փոքրիկ կապիկի «մայրիկը»

Փափուկ խաղալիքները դարձել են փոքրիկ կապիկի «մայրիկը»

Մեքսիկայի Գվադալախարայի կենդանաբանական այգում ծնված կապիկի ձագը՝ Յուջին, ստիպված է մեծանալ առանց մայրական խնամքի։ Սակայն այգու աշխատակիցները գտել են անսովոր, բայց շատ ջերմ լուծում․ փոքրիկի համար «մայրիկ» են դարձել փափուկ խաղալիքները։ Յուջին ծնվել է վաղաժամ՝ ընդամենը 673 գրամ քաշով։ Նրա մայրը՝ Կամարիան, չի կարողացել խնամել փոքրիկին, ինչի պատճառով աշխատակիցները ստիպված են եղել առանձնացնել նրանց։ Ձագուկը տեղափոխվել է ինկուբատոր, որտեղ նրա անվտանգության և հանգստության զգացումն ապահովելու համար տեղադրել են փափուկ խաղալիքներ։ 

Յուջիի առաջին «փափուկ մայրիկը» եղել է խաղալիք շունը։ Հիգիենայի նկատառումներից ելնելով՝ աշխատակիցները պարբերաբար փոխում են խաղալիքները՝ օգտագործելով նաև արջուկներ և կապիկներ։ Այս հուզիչ պատմությունը շատերին հիշեցրել է մեկ այլ նման դեպք։ 2025 թվականի հուլիսի 26-ին ծնված ճապոնական մակակ Պանչը նույնպես մերժվել էր մոր կողմից՝ ծնվելուց անմիջապես հետո։ Կենդանաբանական այգու աշխատակիցները խնամել էին նրան և, որպեսզի փոքրիկն իրեն միայնակ չզգա, նրան նույնպես փափուկ խաղալիք էին տվել։ Այդ խաղալիք օրանգուտանը դարձել էր Պանչի «փոխնակ մայրիկը»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment