Իրանի իշխանությունները սահմանել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երեք պայման, հայտնում է Tasnim-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Թեհրանն արգելել է ռազմական նավերի մուտքը նեղուց և թույլ կտա միայն քաղաքացիական առևտրային նավերի անցումը։ Այս նավերին նավարկելու թույլտվություն կտրվի այն դեպքում, եթե ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց տեղափոխվող բեռը «կապ չունեն ագրեսոր պետությունների հետ»։
Նավերի երթուղին նույնպես կորոշվի Իրանի իշխանությունների կողմից։ Վերջապես, հավելել է աղբյուրը, նավերը պարտավոր կլինեն համակարգել իրենց անցումը Հորմուզի նեղուցով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ։
Ավելին, աղբյուրն ընդգծել է, որ դա կախված է նաև Լիբանանում հրադադարի պահպանման և Իրանի դեմ ծովային շրջափակման վերացման հետ։ Հակառակ դեպքում, Թեհրանը կրկին կփակի նեղուցը։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցի բացման մասին։ Տարանցումը թույլատրվելու է Իրանի նավահանգիստների և ծովային կազմակերպության կողմից հայտարարված համաձայնեցված երթուղով, պարզաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Այս միջազգային միջանցքը, որով անցնում է համաշխարհային նավթի և բնական հեղուկ գազի մատակարարումների ավելի քան 20%-ը, փակվել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ անց։
ԱՄՆ-ի կողմից նեղուցի շրջափակումն ուժի մեջ էր մտել ապրիլի 13-ին։ Ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի՝ չնայած Հորմուզի նեղուցի բացմանը։
