Ֆրանսիան մերժել է ֆոն դեր Լայենի և Ռյուտեի մասնակցությունը Հորմուզի նեղուցի հարցով գագաթնաժողովին. FT

Ֆրանսիան Փարիզում նախատեսված Հորմուզի նեղուցի հարցով գագաթնաժողովին չի հրավիրել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, հայտնել է Financial Times  պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ֆրանսիան մերժել է բրիտանական առաջարկը, որպեսզի Փարիզում կայանալիք հանդիպմանը ներկա գտնվեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ նախապատվությունը տալով մասնակցությունը սահմանափակել միայն կառավարությունների ղեկավարներով», – ասված է հրապարակման մեջ։

Բացի այդ, գագաթնաժողովին չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև ամերիկացի այլ պաշտոնյաներ։ Այդուհանդերձ, սպասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Թրամփին կտեղեկացնեն հանդիպման արդյունքների մասին։

Եվրոպական երկրների առաջնորդները հրաժարվել էին մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին։ Վաշինգտոնն, իր հերթին, բազմիցս կշտամբել է եվրոպական դաշնակիցներին՝ իրական օգնություն ցուցաբերելու ցանկության բացակայության համար։

Leave a Comment