Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ապօրինի է անվանել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի որոշումը, որով արգելվել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևորականների մուտքն ազատազրկման վայրեր։
Մայր Աթոռի պնդմամբ՝ այս քայլով փաստացի կասեցվել է հոգևոր սպասավորությունը քրեակատարողական հիմնարկներում։
Նշվում է նաև, որ գերատեսչությունը, շրջանցելով Մայր Աթոռն ու անտեսելով գործող պայմանավորվածությունները, առանձին հոգևորականների հետ աշխատանքային պայմանագրեր է կնքում։
ՀԱԵ-ն ընդգծել է, որ օրենսդրությունն ամրագրում է եկեղեցու առաքելությունը ՔԿՀ-ներում և երաշխավորում է դրա իրականացումը։ Մասնավորապես, համապատասխան նորմեր են պարունակվում «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքներում։
Մայր Աթոռում ՔԿ ծառայության պետի գործողությունները համարել են Արդարադատության նախարարության և ՀԱԵ-ի միջև կնքված համաձայնագրին հակասող։ Շեշտվել է, որ հոգևոր սպասավորության սուբյեկտը հենց եկեղեցին է, այլ ոչ թե առանձին հոգևորականներ։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ նման որոշումները միջամտություն են եկեղեցու ներքին կյանքին և կազմաքանդում են հովվական գործունեությունը։ Էջմիածինը հորդորել է Արդարադատության նախարարությանը հարգել օրենսդրությունը և վերականգնել հոգևոր սպասավորությունը ՔԿՀ-ներում։
Վարչապետ Նիկել Փաշինյանը 2025 թվականի գարնանից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հունվարի 5-ին Փաշինյանն ու մի խումբ հոգևորականներ ստորագրել էին ՀԱԵ «բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է կաթողիկոսի հրաժարականը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ։
Փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր Մայր Աթոռի կողմից նշանակված բանակային սպասավորների ծառայությունը։ Նուբարաշենում և Վանաձորի ՔԿՀ-ում հոգևոր ծառայություն մատուցող քահանաները ապրիլին հայտարարել էին, որ իրենց մուտքը բանտեր արգելվել է:
