Կարապետյանի պաշտպաններն առաջարկել են 400 մլն դրամ ավելացնել 4 մլրդ կիրառված գրավին՝ գործարարի կալանքը վերացնելու համար

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստ են 400 մլն դրամով ավելացնել 4 մլրդ կիրառված գրավը՝ տնային կալանքը վերացնելու համար։ Կարապետյանի գործով դատական նիստը և զուգահեռ ակցիան հեռարձակվում են Armenia TodayYoutube-ի ալիքում։

Փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանում ընդգծել է, որ 10 ամսվա ընթացքում Կարապետյանը դրսևորել է բացառապես պատշաճ վարքագիծ։

Փաստաբանն ընդգծել է, որ խափանման միջոցի հարցն առանցքային նշանակություն ունի Կարապետյանի՝ քաղաքական գործընթացներին մասնակցության համատեքստում՝ նշելով, որ «ամեն ժամը կարևոր է»։

Վարդևանյանը հիշեցրել է, որ գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը նախաքննության փուլում հիմնավոր կասկած չէր տեսել գործի նյութերում, այդ թվում՝ տնտեսական բնույթի դրվագներով։ Նա նշել է, որ նույն դատավորը Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը։

Ըստ նրա՝ նախկինում կալանքը երկարաձգելու միջնորդության քննության ժամանակ դատարանը նույնպես բավարար հիմքեր չէր տեսել ներկայացված մեղադրանքների մի մասով։

«Ինչպե՞ս կարող է բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած և դրական բնութագրվող անձի նկատմամբ խափանման միջոցը լինել ինտենսիվ և պահպանվել 10 ամիս շարունակ»,- հայտարարել է փաստաբանը։

Կարապետյանին կալանավորել էին 2025-ի հունիսին՝ եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո՝ դեկտեմբերի 30-ից, նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։ Նրա գործով դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 15-ին։

Փետրվարի 11-ին Կարապետյանը միաձայն ընտրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ: Դատարանը մարտի 14-ին ևս մեկ ամսով երկարաձգել էր նրա տնային կալանքը: «Ուժեղ Հայաստանն» ավելի ուշ հրապարակել էր ընտրություններին մասնակցող առաջին 36 թեկնածուի անունները։

Leave a Comment