Ի՞նչ հեռանկար ունեն Լիբանան-Իսրայել բանակցությունները․ Շահան Գանտահարյան




Ի՞նչ հեռանկար ունեն Լիբանան-Իսրայել բանակցությունները։«Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։


 


— Միացյալ Նահանգները դեռևս Իրանի հետ համաձայնության չեն հասել, բայց արդեն ակտիվ քայլեր են ձեռնարկում Լիբանան–Իսրայել ուղիղ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ։ Ինչպե՞ս կգնահատեք այս զարգացումը։


 


—Այո, նկատվում է բավականին ինտենսիվ աշխատանք՝ Իսրայելի և Լիբանանի առաջին դեմքերի միջև նույնիսկ հեռախոսային կապեր հաստատելու ուղղությամբ։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ երկու կողմերից էլ հնչում են հրադադար հաստատելու վերաբերյալ հայտարարություններ։ Սակայն լիբանանյան կողմից ակնհայտ է որոշակի շտապողականություն՝ զենքի մենաշնորհման գործընթացը փուլային կերպով իրականացնելու հարցում։Եսա կարծում եմ ճնշում են դրսից։


 


—Նախկինում ևս նման գործընթացներ եղե՞լ են։


 


—Այո, նախորդ հրադադարի ընթացքում ևս Լիբանանը շարժվում էր նույն՝ փուլային ընթացակարգով՝ ակնկալելով իսրայելական ուժերի դուրսբերում։ Սակայն այդ սպասումը ամբողջությամբ չիրականացավ։ Բացի այդ, ՄԱԿ-ի 1701 բանաձևը ենթադրում է երկկողմ պարտավորություններ, մինչդեռ իրականում դրանք հիմնականում միակողմանիորեն էին կիրառվում։ Իսրայելը շարունակեց իր ագրեսիվ գործողությունները Լիբանանի դեմ։


 


— Ի՞նչ նոր զարգացումներ կան ներկայումս բանակցային դաշտում։


 


— Այժմ շրջանառության մեջ են դրվում գոտիների և ենթագոտիների աշխարհագրական սահմանազատման գաղափարներ։ Սակայն այստեղ առավել մտահոգիչն այն է, որ Իսրայելը, ըստ էության, առաջ է քաշում բնակչության վերադարձը բացառելու մոտեցումը։ Այսինքն՝ խնդիրը միայն Հըզբոլլայի դիրքերը կամ լիբանանյան բանակի տեղակայումը չէ, այլ նաև խաղաղ բնակչության ներկայությունը։


 


—Նույնիսկ խաղաղ բնակչությունն է դիտարկվում որպես սպառնալի՞ք։


 


—Ճիշտ այդպես։ Տարածքների ֆիզիկական ավերումը Իսրայելի համար բավարար չի համարվում։ Հարավային Լիբանանի բնակչությունը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ավերված բնակավայրեր է վերադառնում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Եվ հենց այս կամքն է, որ Իսրայելը դիտարկում է որպես լուրջ անվտանգային սպառնալիք՝ փորձելով միջազգային համաձայնություններով ամրագրել այդ տարածքների «ամայացումը»։


 


—Այսինքն՝ մարդկային գործո՞նն է դառնում առանցքային։


 


—Այո, առանցքային է։ Հարավի բնակչությունը ժողովրդագրական պատկերի վերականգնմամբ պայքարում է իր հայրենիքը ավերած ուժի դեմ։ Սա ռազմական ռեսուրս չէ, ոչ էլ արտաքին աջակցությամբ ձևավորված ուժ, այլ ազգային և համայնքային գիտակցություն՝ կապված հողին։ Եվ այս գործոնի դեմ պայքարելու միակ միջոցը բռնի տեղահանությունն է, որը փաստացի դրվում է որպես պայման։


 


—Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի պաշտոնական Բեյրութը այս իրավիճակում։


 


— Կարծում եմ՝ Լիբանանը պետք է հստակ առաջ քաշի մի քանի սկզբունքային կետեր․


     Ա․ Պատերազմական գործողությունների լիակատար դադար։


     Բ․ Հստակ երաշխիքներ, որ հրադադարը չի խախտվի և նոր պատերազմ չի սկսվի։


     Գ․ Իսրայելական ուժերի դուրսբերում Լիբանանի ինքնիշխան տարածքներից։


     Դ․ Բռնի տեղահանված բնակչության հավաքական վերադարձի ապահովում։


 


—Իսկ ի՞նչ կարող է լինել Իսրայելի պատասխանը։


 


—Հասկանալի է, որ Թել Ավիվը կունենա իր պայմանները՝ Հեզբոլլահի զինաթափում,անվտանգության գոտիներ և ենթագոտիներ,ևայլն։ Սակայն այս ամբողջ գործընթացում լիբանանյան կողմի ամենաուժեղ գործոնը մնում է ժողովրդի վերադարձի կամքը նույնիսկ եթե դա ենթադրում է ապրել վրանային պայմաններում։ Եվ հենց սա է, որ հակառակ կողմի համար ընկալվում է որպես հիմնական սպառնալիք։


 


 


Leave a Comment