ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ ուրանի պաշարների դուրսբերման հարցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնություն է տվել Միացյալ Նահանգներին հանձնել 2025 թվականի հունիսին հարվածների ենթարկված միջուկային օբյեկտներում առկա հարստացված ուրանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նրանք համաձայնել են մեզ փոխանցել «միջուկային փոշին»։ Այն գտնվում է խորը գետնի տակ այն հարվածների հետևանքով, որոնք մենք իրականացրել ենք B-2 ռմբակոծիչների կիրառմամբ», –  ասել է Թրամփը։

The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ «միջուկային փոշի» ասելով՝ ԱՄՆ նախագահը նկատի ունի հարստացված ուրանը, որը, Միջուկային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տվյալներով, թաղված է մնացել գետնի տակ՝ Իսլամական Հանրապետության առանցքային միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածներից հետո։

Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ Թեհրանի հետ բանակցություններում առաջընթաց է նկատվում։ «Մենք շատ հարցերի շուրջ ենք պայմանավորվել Իրանի հետ։ Կարծում եմ՝ շատ դրական զարգացումներ կլինեն», – հավելել է նա։

Թրամփն ապրիլի 10-ին հայտարարել էր, որ Թեհրանն անձնական շփումների ժամանակ պատրաստակամություն է հայտնել հրաժարվել միջուկային զենքից։

Իսլամաբադում ապրիլի 11-ին տեղի էին ունեցել բանակցություններ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի միջև։ Կողմերին չէր հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ՝ առկա հակասությունների պատճառով։

 

Leave a Comment