«Ուժեղ Հայաստանի» 6 ներկայացուցչի նկատմամբ տնային կալանք է կիրառվել. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստում տնային կալանքի որոշում է կայացվել 6-ի նկատմամբ, մեկն ազատ է արձակվել, հայտնել է քաղաքական ուժի անդամ Գոհար Մելոյանը:

Հակակոռուպցիոն դատարանում մինչև ուշ գիշեր ընթացել է կուսակցության Արտաշատի գրասենյակից ապրիլի 16-ին բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստը։

Մելոյանն ապրիլի 16-ին ահազանգել էր իրենց համակիրներին բերման ենթարկելու և խուզարկությունների մասին: Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էր 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի ուշ ձայնագրություն էր հրապարակել և հայտնել «ընտրակաշառք բաժանելու» մեղադրանքով քրեական վարույթ նախաձեռնելու մասին։

«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակել է իշխանությունների վախի դրսևորում և ակնհայտ քաղաքական հետապնդում:

Կուսակցության քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալի հետ մարտին կայացած հարցազրույցում նշել էր՝ տեղեկություններ կան, որ իշխանությունները նախապատրաստում են քաղաքական ուժի ներկայացուցիչների ձերբակալություններ՝ նպատակ ունենալով թույլ չտալ նրանց մասնակցությունը նախընտրական գործընթացներին:

Leave a Comment