Հայաստան այցելող զբոսաշրջիկները չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից: Ինչպես հայտնի է, մեր հանրային տրանսպորտում տեղադրված սարքերը ոչ մի վճարային համակարգի միացված չեն, բացի Arca-ից: Տպավորություն է, որ միմիայն ֆիզիկական պլաստիկ քարտերն են աշխատում՝ Viza եւ Master, եւ միայն ներքին ցանցով:
Հրապարակ թերթը գրել է․ Սրանից հատկապես դժգոհ են այլազգիները՝ ռուսները, որոնք մեր երկիր այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունն են: Ռուսական քարտերը սվիֆտ համակարգին միացված չեն, եւ Հայաստանում դրանցով հնարավոր չէ վճարում կատարել: Իհարկե, կարելի է տոմսեր գնել, սակայն դա էլ Հայաստանում հնարավոր չէ, քանի որ ո՛չ կանգառներում, ո՛չ ավտոբուսներում կամ տրոլեյբուսներում տոմսեր գնել հնարավոր չէ:
Երեւանի բնակիչ Գոռ Մադոյանը, որը հաճախ է օգտվում տրանսպորտից, ասում է, որ ոչ միայն օտարերկրյա բանկային քարտերը, այլեւ տեղական բանկերի քարտերը պիտանի չեն տրանսպորտում վճարելու համար: «Եթե NFC, Google pay, Apple pay-ով ես ուզում վճարել, էլի չի լինում։ NFC սիստեմը, Google pay, apple pay ուղղակի անջատված են: Դրան էլ որ գումարես այն, որ քեշով հնարավոր չէ տրանսպորտի տոմս առնել, կարելի է վստահ ասել, որ ամեն ինչ արված է, որ մարդիկ չվճարեն, ու դա արդար կլինի, որովհետեւ սիստեմ դիզայն արված չէ՝ հաճախորդների հարմարավետության համար»,- ասում է նա։
«Երեւան քաղաքի տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանին խնդրեցինք պարզաբանել, թե, ի վերջո, ինչ անեն զբոսաշրջիկները, որոնք չունեն ո՛չ TelCell, ո՛չ հայկական բանկային քարտ, ո՛չ էլ գիտեն, թե որտեղ են բանկային քարտ վաճառում: «Երեւան քաղաքում ներդրված միասնական տոմսային համակարգն ունի 9 տեսակի տոմսային պրոդուկտներ, եւ դրանք տարբեր տեսակի օգտվողների համար են, սկսած մեկանգամյա ուղեւորությունից մինչեւ մեկ տարի անսահմանափակ ուղեւորություններ, կախված նրանից՝ հաճախ օգտվո՞ղ է, տուրի՞ստ է, թե՞ մեկանգամյա պատահական ուղեւոր, նա իրեն հարմար տոմսային պրոդուկտն է ընտրում»: Ինչո՞ւ ավտոբուսում, կանգառներում չկա տոմսային պրոդուկտ գնելու հնարավորություն: Ըստ Սարգիս Մանուկյանի՝ Երեւան քաղաքում 2 հազարից ավելի տոմս գնելու տեղեր կան, եւ կա ինտերնետ-միջավայր, որը, ըստ ՓԲԸ ղեկավարի, բավարար է: Բավարար է, բայց հարմար չէ՝ առարկում ենք նրան: Եթե մեր «բարեփոխված» տրանսպորտի համար օրինակ են ծառայել եվրոպական երկրները, ապա պետք է նկատել, որ այնտեղ ուղեւորը կարող է տոմս գնել անմիջապես ավտոբուսի մեջ կամ կանգառներում, ինչպես, օրինակ, Շվեյցարիայում: Իսկ Հայաստանում ներդրված է մի համակարգ, որը փաստացի խախտում է արտասահմանցիների՝ տրանսպորտից օգտվելու իրավունքը: Մարդը եկել է Իրանից, լեզու չգիտի, չգիտի, թե որտեղից է տոմսը գնելու, կամ՝ եկել է Գերմանիայից, որտեղ ավտոբուսի մեջ կարելի է տոմս ձեռք բերել: Նստում է տրանսպորտ ու չի կարողանում վճարել, TelCell չունի ու ծանոթ էլ չի դրան, ի՞նչ անի:
Սարգիս Մանուկյանը պատասխանում է, որ շատ քաղաքներում հնարավոր չէ ավտոբուսում տոմս ձեռք բերել, եւ բոլորը գնում են դեպի դա: «Տոմսը պետք է նախապես ձեռք բերել: Կա տոմսային կրիչների երեք տարբերակ, որոնցից մեկն ադապտացված է Ձեր ասած տարբերակին, որ եթե ինչ-որ մարդ չի հասցրել տոմս ձեռք բերել, կարող է օգտագործել իր անհպում բանկային քարտը եւ հենց ավտոբուսում մարել իր տոմսը»: Բայց, օրինակ, ռուսները չեն կարողանա այդպես վճարել, ի՞նչ անեն: «Ռուսները ոչ մի երկրում չեն կարող վճարել, բացի Ռուսաստանից, իհարկե: Նրանք կարող են բազմակի օգտագործման տրանսպորտային քարտ ձեռք բերել, հենց տեղում, ցանկացած TelCell տերմինալում դրա վրա տոմս, այսպես ասած, նստացնել եւ օգտվել դրանից»,- պատասխանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրենը: Իսկ եթե տվյալ ռուսը կամ իրանցին չի ցանկանում TelCell-ից օգտվել, օրինակ, չի վստահում այդ համակարգին, ապա կորած է:
Հարցը մտահոգում է տուրօպերատորներին, որոնք զբոսաշրջիկներ են ընդունում ու ճանապարհում: «Տուրիզմի միացյալ ֆեդերացիա» կազմակերպության ներկայացուցիչ Սեդա Աղբալյանն իր ՖԲ էջում գրում է. «Վերջերս բողոք ստացա ռուս զբոսաշրջիկից, որ չի կարողացել վճարել հանրային տրանսպորտում՝ ավտոբուսում եւ մետրոյում։ Ինքս էլ փորձեցի ոչ հայկական Visa քարտով վճարում կատարել, բայց չստացվեց (չգիտեմ՝ տեխնիկական խնդիր էր, թե ընդհանուր սահմանափակում»։
«Ես՝ ինքս էլ, ռուսական տինկոֆ բանկի քարտով փորձել եմ, եւ չի ստացվել, նույնիսկ հայկական արքա քարտով է երբեմն խնդիր տալիս, մեկ աշխատում է, մեկ՝ չէ»։ «Վերադարձել էի ԱՄՆ-ից, ու վճարումը խնդիր էր ինձ համար, քանի որ չունեի Հայաստանի բանկային քարտ: ԱՄՆ բանկային քարտերը բացարձակ չեն աշխատում տրանսպորտում՝ վճարման համար»։
«Պատկան մարմինները ծայրահեղ կարճ են մտածում: Օրինակ, Թբիլիսիում ամեն բան մտածել են, Apple Pay-ով է անգամ հնարավոր վճարել կոնկրետ մետրոյում: Վրացական բանկային համակարգն էլ է մերինից չափազանց առաջ: Հիմա վրացական լավագույն Bank of Georgia-ն «Ամերիաբանկը» գնել է, հուսանք՝ բարեփոխումները մեր երկիր էլ կհասնեն»,- մեկնաբանում են օգտատերերը: