Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որը խստացնում է քաղաքացիություն, ժամանակավոր կացության թույլտվություն և մշտական բնակության թույլտվություն ստանալու կանոնները։ Նախաձեռնության համաձայն՝ ցանկացած հանցագործության համար չմարված կամ չհանված դատվածություն ունեցող օտարերկրացիներին կմերժվի այդ փաստաթղթերի տրամադրումը։
Ներկայում սահմանափակումները վերաբերում են միայն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատապարտված անձանց, իսկ ժամանակավոր կացության և մշտական բնակության դեպքում՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Նոր կարգով նախատեսվում է, որ դիմում ներկայացնելիս օտարերկրացիները պետք է ներկայացնեն տեղեկանք՝ դատվածության առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Բացառություն կկատարվի մինչև 14 տարեկան երեխաների և Ուկրաինայի քաղաքացիների համար։
Աշխատանքային միգրանտների համար սահմանվում է լրացուցիչ պահանջ՝ ներկայացնել կրթության, որակավորման և Ռուսաստանում աշխատանքային փորձի վերաբերյալ փաստաթղթեր։
Եթե օրենքն ընդունվի, այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 180 օր անց։ Այդ ժամկետից առաջ ներկայացված դիմումները կքննարկվեն գործող կանոնների համաձայն։